Լարսում բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան, խնդիրը շուտով կկարգավորվի․ Փաշինյան
Լարսում երկար ժամանակ ձյուն էր, բացվեց ճանապարհը, որից հետո բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան։ Մենք վերջին օրերին ակտիվ աշխատում ենք մեր Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ, որպեսզի բեռնատարների երթևեկությունը համակարգենք և բերենք բնականոն վիճակի։ Այդ թեմայով խոսակցությունները բավականի արդյունավետ են, և ես ուզում եմ շնորհակալություն հյատնել և Ռուսաստանի, և Վրաստանի մեր գործընկերներին կառուցողական երկխոսության համար: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա համոզվածություն հայտնեց, որ առաջիկա օրերի ինտենսիվ աշխատանքի արդյունքում կկարողանան հարթել խնդիրը․ «Համենայնդեպս, վերջին օրերին իրավիճակը մի փոքր բարելավվել է։ Այդ իրավիճակը գիտեք, որ բարդանում է ընդհանուր առմամբ կորոնավիրուսային այս խնդիրների հետ, բայց մենք աշխատում ենք և հույս ունենք, որ կկարողանանք շատ արագ կարգավորել այդ հարցը»,- ասաց Փաշինյանը։