Ադրբեջանցիք գոռում էին՝ հայեր են, դանակը սիրտը մտցրեք. տուժողները մանրամասներ են հայտնում
Երեկ գիշեր Մոսկվայի Լյուբլինսկայա և Նիժնիե Պոլյա փողոցների խաչմերուկում ադրբեջանցիների հարձակումից տուժած երկու հայ երիտասարդները՝ Էրիկ Անանյանը և Գարիկ Գիրգորյանը քիչ առաջ դուրս եկան ոստիկանությունից, որտեղ գտնվում էին արդեն ութ ժամ՝ հարցաքննության նպատակով:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երիտասարդները պատմեցին, որ երեկ երեկոյան ժամը 22-00-ի սահմաններում աշխատանքից տուն վերադառնալիս են հարձակման ենթարկվել: Շրջապատելով BMW մակնիշի մեքենան ադրբեջանցիները նախ ծեծի են ենթարկել նրանց, ապա դանակով հարվածել Գարիկ Գրիգորյանին թիկունքին: Հարձակման հետեւանքով Էրիկը ստացել է դիմածնոտային եւ կողոսկրերի կոտրվածք:
«Ես ծնվել եմ Սումգայիթում եւ շատ լավ գիտեմ ադրբեջաներեն: Նրանք հարվածում էին մեզ ու գոռում՝ հայեր են, դանակը սիրտը մտցրեք, սպանեք»,- մեր զրույցում պատմեց Էրիկը: Երիտասարդները ասացին, որ ոստիկանության բաժանմունքում էին նաև բերման ենթարկված ադրբեջանցիները, որոնց իրենք ճանաչել են: Կազմվել է արձանագրություն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Մոսկվայի հյուսիս-արևելյան թևում գտնվող Լյուբլինո և Բրատիսլավսկայա թաղամասերում, որոնք ի դեպ ամենախիտն են բնակեցված հայերով, երեկ գիշեր միաժամանակ տեղի է ունեցել հարձակում՝ հայկական համարանիշներով երկու տարբեր BMW և KIA մակնիշի մեքենաների վրա, տարբեր հասցեներում կայանված: