Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

2016-ի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը, մենք չհամաձայնեցինք. Արթուր Թովմասյան. InfoPort.am

«...Բոլոր ժամանակներում բանակցային սեղանին դրված բոլոր փաստաթղթերը՝ Քի Վեսթ, Փարիզյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ, Լավրովի պլան, երբեք չեն արտահայտել ոչ միայն Արցախի ժողովրդի արմատական շահերը, այլ նաև համայն հայության։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ժողովրդի արմատական շահերը: Նա էլ ասաց` դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը։ Շատ կոշտ ասաց։ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի, իսկ թշնամին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր»,- Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մտազբաղ էր, InfoPort.am- ի հետ զրույցում փորձում էր վերարտադրել արցախյան վերջին պատերազմի քրոնիկոնը, վերլուծել նախապատերազմյան ժամանաշրջանը, կենտրոնանալ ապագայի գոնե մոտավոր անելիքների վրա, հույզերը խանգարում էին, ցավն ու վիշտը շատ մեծ է. «Չկա որևէ հայ, որ հաշտվի այդ շրջանների կորուստի հետ: Ոչ միայն վիրավոր է ամբողջ Արցախը, այլ նաև ողնաշարից կոտրված ենք ազգովի»:

«...Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում խառնաշփոթ էր։ Թուրքերն արդեն Շուշի քաղաքում էին։ Այդ խուճապային պայմաններում մեր խմբակցությունների նախագահները տեղեկացրին, որ շատ պատգամավորներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, կառավարության անդամներ ուզում են հեռանալ քաղաքից: Ես նրանց ասացի, որ պետք է քննարկեմ նախագահի հետ։ Երբ խոսեցի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նա ասաց, որ ինքը չի հեռանալու Ստեփանակերտից, մեր նախագահը կռված, մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած նախագահ է։ Ես ասացի, որ մայրաքաղաքը կլքեմ միայն իրենից հետո և, ի պատիվ մեր խմբակցությունների ղեկավարների, քաղաքում մնացած պատգամավորների, նրանք էլ ասացին, որ իրենք նույնպես չեն հեռանա քաղաքից։ Դեռ հոկտեմբերի վերջին մեզ՝ պատգամավորներիս, զենքեր էին բաժանվել...»։

– Դուք թշնամուն սպասում էիք Ստեփանակերտում։

– Այո՛, այո՛։ Ես՝ որպես մտավորական ու գիտնական, առաջին անգամ էի մտածում, տրամադրվում մարդու վրա կրակելուն։ Իմ երկու որդիները ծառայում են բանակում, մասնակցել են պատերազմին, բայց ես զինվորական գործի մեջ չեմ եղել, ու հիմա ստեղծվել էր մի իրավիճակ, երբ զինված սպասում էինք թշնամուն։ Ա՛յ այդպիսի իրավիճակ էր, երբ պետք է կրակես, քանի որ գալիս են քեզ սպանելու։ Այո՛, պատրաստ էի կրակելու։

– Կարելի՞ է ենթադրել, որ դուք նոյեմբերի 9-ին պատրաստվել եք թշնամուն դիմավորել Ստեփանակերտում և տեղյակ չէիք կամ հույս չունեիք, որ եռակողմ հայտարարությունը կստորագրվի։

– Այն, որ փաստաթուղթը կոնկրետ այդ կետերով կստորագրվեր, իհարկե տեղեկություն չունեինք։ Բայց ներքին համոզմունք, հույս կար, որ մի բան կկանգնեցնի նրանց, քանի որ մտածում էինք՝ եթե հենց սկզբից իրենց նպատակը Շուշին գրավելն էր, ապա դրանից հետո կանգ կառնեն։

Կատարվածը պատերազմ համարել չի կարելի, այդ 44 օրը ես դժոխք եմ անվանում։ Իսկ այդ փաստաթղթի ստորագրումը դժոխքից խավարի մեջ մտնել էր։ Եվ ասեմ, որ խավարին միշտ էլ լույսն է հաջորդում։

– Եթե չստորագրվեր այդ եռակողմ հայտարարությունը, ի՞նչ կարող էր լինել։

– Մեր տվյալներով՝ շուրջ 6 հազար թուրք պետք է մտներ Ստեփանակերտ, այնուհետև՝ Ասկերան ու Մարտունի։ Ամբողջ տարածքը շրջափակման մեջ կընկներ։ Սա արդեն կլիներ ցեղասպանություն։

Լավ վերադառնանք հետպատերազմյան իրականություն: Ի՞նչ եք կարծում եռակողմ փաստաթղթի բովանդակության մեջ հնարավո՞ր է փոփոխություն մտցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադառնալու դեպքում:

–Ես չեմ գտնում, որ այդ հայտարարությունը իրավական փաստաթուղթ է։ Եթե կան բանակցություններ, ապա պետք է բանակցող կողմը՝ Հայաստանի Հանրապետությունը, շատ ճկուն լինի, որովհետև հիմա մենք կանգնած ենք պատերազմի և խաղաղության միջև։ ՀՀ-ն ունի հիմա պաշտպանության նոր նախարար, նոր արտգործնախարար, նրանք պետք է շատ ճկուն լինեն, հաշվարկեն՝ ինչ ունեն, ինչ չունեն։

-Ըստ Ձեզ, կան հեռանկարներ Հայաստանի կողմից Արցախի Ճանաչման հարցում?

– Հայաստանի Հանրապետությունը մինչև նոյեմբերի 10-ը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ Բայց նաև ասեմ, որ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն մի քանի անգամ Արցախի անկախությունը ճանաչելու պահը կորցրել է. առաջին ամենահարմար պահը 1994 թվականի մայիսի 12-ին Բիշքեկի պայմանագրից անմիջապես հետո էր, որովհետև Ադրբեջանը շատ թույլ էր, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ և երբ Իլհամ Ալիևը նախագահ ընտրվեց ու հայտարարեց, որ բանակցային գործընթացը սկսում են զրոյից։ Այսինքն՝ մի քանի անգամ եղել են հարմար պահեր։

– Հիմա արդեն ուշացա՞ծ կլինի ճանաչումը։

– Եթե հետևել եք, Արցախի Ազգային ժողովը տարբեր հայտարարություններով է հանդես եկել՝ դիմելով աշխարհի տարբեր խորհրդարաններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը։ Ի՞նչ է, ՀՀ Ազգային ժողովը դո՞ւրս է այդ խորհրդարանների շարքից։

– Իսկ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ըստ Ձեզ, իմաստ ունի՞ ճանաչումը։

– Հիմա դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները երկար ժամանակ մնացին ԱԺ օրակարգում։ Այդպես պետք է լիներ Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը․ թող դրական եզրակացությամբ մտներ խորհրդարան, մնար օրակարգում և պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը։ Դա կլիներ զսպաշապիկ Ադրբեջանի համար։

-Աշխարհի տարբեր երկրների տեղական ինքնակառավարման մարմինների, որոշ երկրներում խորհրդարանների կողմից սկսվել է Արցախի ճանաչման գործընթացը, ինչ եք կարծում, դա որևէ կերպ կարող է փոխել ստեղծված իրավիճակը:

- Կարծում եմ, կարող է դրական ազդեցություն ունենալ:

– Պարո՛ն Թովմասյան, պատերազմից հետո իրողություններ են փոխվել, հիմա կարելի՞ է ասել, որ Հայաստանն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը:

– Հայաստանը միշտ է եղել Արցախի անվտանգության երաշխավորը, այդ մասին հայտարարել են Հայաստանի բոլոր նախկին, ներկա ղեկավարները։ Եթե այս պատերազմը լիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող էինք հաջողություններ գրանցել։ Բայց Թուրքիան շատ ավելի մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, չհաշված Իսրայելի ոչ ուղղակի աջակցությունը: Ինչպե՞ս կարող էին Հայաստանն ու Արցախը պայքարել այդ երկրների դեմ։

Սա Թուրանի ծրագիրն է, և Էրդողանը մտնում է տարածաշրջան։ Սա պետք է անհանգստացնի Ռուսաստանի Դաշնությանը և Իրանի Իսլամական Հանրապետությանը։

– Այդ դեպքում ինչո՞ւ չի անհանգստացրել, քանի որ բավական ուշացած էին կարծես արձագանքները։

– Ռուսաստանից հայտարարեցին ՀԱՊԿ-ի շրջանակներում աջակցության մասին, եթե Հայաստանի սահմաններին որևէ հարված հասցվի։ Բացի այդ նոյեմբերի 10-ից հետո Պուտինը ակնարկեց Արցախի անկախության մասին՝ մատնանշելով Աբխազիայի, Հարավային Օսիայի օրինակները:

-Պ-ն Թովմասյան, Դուք Ձեզ համար վերլուծել եք, որո՞նք են եղել այս պատերազմի ընթացքում թույլ տված հիմնական սխալները։

– Օրինակ այն, որ Արցախի 18-50 տարեկան տղամարդկանց մի մասը հանկարծ հայտնվել էին Երևանում։ Հենց պատերազմը սկսվել է, 25-40 տարեկան շատ տղամարդիկ, ընտանիքներին տարհանելու պատրվակով, անձնագրերը թողնելով անցակետում, փաստացի փախել են Հայաստան։ Մինչև այժմ էլ բազմաթիվ անձնագրեր դեռ մեզ մոտ են, բայց դրանց տերերը չկան։

– Վերադառնալու դեպքում այդ մարդիկ հնարավո՞ր է պատժվեն։

– Ժամանակը կգա՝ կպարզվի, չեմ կարող ասել։ Բայց մենք պատրաստ ենք Ազգային ժողովում ընդառաջել իրավապահ մարմիններին, եթե Քրեական օրենսգրքում կամ այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն կլինի:

Այդ հարցով պետք է զբաղվեն մեր ուժային կառույցները։ 2016-ին էլ այդպես եղավ, 1992-1994 թվականներին էլ այդպես եղավ։ 92-94-ին Պետական պաշտպանության կոմիտեի մի որոշում կար, որով մեր այն հայրենակիցների բնակարանները, որոնք վեց ամիս Արցախում չեն ապրել, տրվել են զինվորականներին։ Կարելի է նման պրակտիկա հիմա էլ կիրառել:

-Պ-ն Թովմասյան, որո՞նք են խորհրդարանի առաջնահերթ անելիքները հետպատերազմյան ժամանակաշրջանում:

-Դե առաջնահերթ անելիքը, բնականաբար, հաջորդ տարվա բյուջեի ընդունումն է: 2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը գրեթե ամբողջությամբ պատրաստ էր, երբ սկսվեց պատերազմը: Հիմա բնականաբար դրա մեջ կորդինալ փոփոխություններ են մտցվում, բայց հայտնի չէ, կառավարությունը կհասցնի այն մշակել և մեզ ներկայացնել օրենքով սահմանված ժամկետներում: Եթե նույնիսկ վերջին օրով մեզ ներկայացնի, ապա մենք ստիպված կլինենք փաստաթուղթը ընդունել արագացված ընթացակարգով: Եթե չհասցնի, ապա հաջորդ տարի պետք է աշխատենք այս տարվա բյուջեով:

Ինչ վերաբերվում է խորհրդարանին, ապա պետք է ասեմ, որ պատերազմական իրողությունները հաշվի առնելով, ըստ իս, ընդհանրապես պետք է վերանայվի նրա կառուցվածքը` կրճատվի պատգամավորների թիվը: Եթե տարածքային կրճատում է տեղի ունեցել, ինչ իմաստ ունի 33 պատգամավոր ունենալ: Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկել, սակայն այժմ դրանք երկրորդական են, առաջնայինը հետպատերազմյան տնտեսության վերականգնումն է ու բնակչության սոցիալական կարիքների բավարարումը...

Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ