Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հիմնական արդյունքների մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որը տեղի է ունեցել հունվարի 11-ին Մոսկվայում, որում դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման ընթացքը:
Ընդգծվել է, որ բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը եղել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման տրամադրվածության, խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման պատրաստակամության հաստատումը:
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը, հնարավոր է եղել համաձայնության գալ այս ուղղությամբ մի շարք կարևոր քայլերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։