Շտապօգնության ավտոմեքենա Է կողաշրջվել
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում մերկասառույցից չմշակված ճանապարհին շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատն ու ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատի փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Կառլեն Բաղյանը, Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը: Վերջիններս պարզում են՝ արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է նաև, թե որ բժշկական կենտրոնի հաշվեկշռում է հաշվառված նշված ավտոմեքենան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն պատկանում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: