Այսօրվա մեր գործը առաջին ծիծեռնակն է, իսկ հետագայում նմանատիպ գործերը լինելու են շարունակական. Վարդան Այվազյանը՝ իրավաբանների՝ ՀՔԾ-ի և Դատախազության անգործության վերաբերյալ բողոքի մասին (տեսանյութ)
Փաստացի այսօրվա մեր գործն առաջին ծիծեռնակն է և հետագայում նմանատիպ գործերը շարունակական են լինելու: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով իրավաբանների՝ ՀՔԾ-ի և Դատախազության անգործության վերաբերյալ բողոքին։
«Տեսնենք այս անգամ ինչպես են պետական մարմիններն արձագանքելու դատարանների որոշումներին»,- ասաց նա:
Նշենք, որ դատարանի առաջ ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն փաստաբանների, որոնք հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ հարուցելու քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 229 հոդվածով:
Վարդան Այվազյանը նաև հայտնեց․ «Մենք՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներս, նույնպես մտադրված ենք դիմել դատական կարգով և բողոքարկել գլխավոր դատախազի անգործությունը, որովհետև, ըստ նրանց պատասխանի, մեր հարուցած դիմումի շրջանակում սա պատասխանատվությունից խուսափելու հերթական գործընթաց է»,- ասաց Վարդան Այվազյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին: