Սպառնացել են սպանել Արտակ Զեյնալյանին. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։
Մարտի 19-ին արդարադատության նախարար Ա. Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ուղղվել են հարցեր նաև ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովի մասին և դրա վերաբերյալ արդարադատության նախարարը պատասխաններ է տվել։
Այդ ամենից հետո Ա. Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցը, որից հետո նախարարին մեկնաբանություններ է ուղարկել Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 35-ամյա Խորեն Ասլանյանը, ով իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ է տվել Ա. Զեյնալյանին և որպես իշխանության ներկայացուցչի՝ սպառնացել է նախարարի նկատմամբ բռնություն գործադրել՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։
Երեկ մինչև կեսօր Նոյեմբերյանի ոստիկանները որոնում էին Խ. Ասլանյանին։