Խորհուրդ փորձագետներին՝ արժանապատվորեն կրեք հասարակությանը ճիշտ կոմնորոշելու ձեր առաքելությունը
Lerno Asoyan-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ընդհանրապես աշխարհում շատ կարևորում են փորձագիտական միտքը: Լինել փորձագետ՝ նշանակում է լինել որևէ ոլորտի նեղ մասնագետ, այսինքն՝ տիրապետել տվյալ ոլորտին ամբողջությամբ: Շատ դեպքերում փորձագետները անգնահատելի ծառայություն են մատուցում պետությանը՝ ճիշտ պահին տալով ճիշտ խորհուրդներ: Խոսքը նաև քաղաքական ոլորտի փորձագետների մասին է, ովքեր դրսում իրենց երկրի քաղաքական դեմքերին տալիս են պատշաճ խորհրդատվություն, իսկ հասարակությանը օգնում են կողմնորոշվել, այսպես ասած՝ թացը չորից ջոկել, որովհետև հասարակությունը ավելի քիչ ինֆորմացիա ունի ճիշտ որոշում կայացնելու համար:
Ցավոք սրտի Հայստանում այս ինստիտուտը ևս չի հաջողել՝ փորձագետները հիմնականում դառնում են որևէ քաղաքական ուժի անձնական խոսափողը, կամ անձնական փորձագետը, ովքեր համընդհանուր ճշմարտությունը թողած, փառաբանում են իրենց պատվեր տված քաղաքական ուժին:
Օրինակ՝ Անդրանիկ Միհրանյանը: Սույն պարոնը բավական պատկառելի տարիքի փորձագետ է, սակայն մի քանի օր առաջ այնպիսի մի էնտուզիզմով էր գովերգում Ռոբերտ Քոչարյանի անձը, որ ընթացքում իսպառ մոռացավ փորձագետի իր կոչման մասին, եթե որպես այդպիսին այն առկա է: Հնչեցրեց չափազանց կողմնակալ տեսակետներ, և եթե դա հասկանալի է Քոչարյանի դեպքում (պատվեր՝ դրական կարծիքի համար), ապա խիստ անհասկանալի էր, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի պարագայում: Սույն փորձագետը օբյեկտիվ որևէ միտք, քաղաքական որևէ բառապաշար Ծառուկյանի մասով չհնչեցրեց, փոխարենը՝ անձնական և չհիմնավորված ցնդաբանություններ: Ըստ երևույթին՝ պատվերի գումարը արդարացնելու խնդիր էր դրված:
Մինչդեռ Ծառուկյանն ընդամենը շատ կառուցողական միտք էր հնչեցրել, այն, որ ճգնաժամը չի կարող հաղթահարվել, եթե ընտրվեն գործող իշխանությունները և 2-րդ նախագահը:Այս երկրին կայունություն է պետք, որ ներդրումներ գան, մարդիկ սկսեն աշխատել, տնտեսությունը փրկվի, իսկ այս 2 ուժերը առավոտից երեկո միայն իրար են վատաբանելու, և իրար մեղավորություն են փնտրելու: Ուստի արտահերթ ընտրությունների իմաստը կորում է, որովհետև ճգնաժամն ավելի կխորանա այդ դեպքում:
Մի խորհուրդ փորձագետ կոչվողներին՝ արժանապատվորեն կրեք հասարակությանը ճիշտ կոմնորոշելու, ճիշտ խորհուրդներ տալու ձեր առաքելությունը, այլապես պատվեր կատարել կարող են անգամ ճ-կլասի լրատվականների լրագրողները: