«Մանսուրյանը Չարենցի հետ», «Մանսուրյանը Իսահակյանի հետ». կմեկնարկեն Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներ
Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգներ կլինեն: Այսօր մամուլի ասուլիսին այս մասին հայտնեցին կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանը:
Արմեն Արաբյանը նշեց, որ սկսում են Կամերային երգչախմբի համերգները, որտեղ խմբերգային ստեղծագործությունները պատկառելի թիվ են կազմում:
Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ մարտի 21-ի համերգը կկոչվի «Մանսուրյանը Չարենցի հետ» և ամսի 26-ի համերգը կկոչվի «Տիգրան Մանսուրյանը Իսահակյանի հետ»: «Բազում այդպիսի համերգներ ենք ունեցել, և քանի որ հոբելյանական տարի է, կրկնապատիկ, եռապատիկ ավելանում են այդ համերգները: Երևանում բազում համերգներ են լինելու: Երջանկություն է ունենալ երգչախումբ և այսպիսի կոմպոզիտոր»-ասաց նա:
Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ ստեղծագործություններ պետք է կատարվեն: «Մենք պատկերացնում ենք, թե Չարենցն է ներկա մեր համերգին»,-ասաց նա:
Տիգրան Մանսուրյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ ինքը պատրաստվում է այս երկու համերգներին, որ ամբողջ մի երեկո անցկացնի Չարենցի հետ, մի երեկո էլ՝ Իսահակյանի: «Ես հայ դասական պոետների հետ էլի ունեմ կապեր՝ Համո Սահյան, Հովհաննես Թումանյան և այլն, բայց այս երկու հեղինակները, որ մեր քաղաքում քայլել են, ինձ համար շատ կարևոր է նույն քաղաքում իրենց նվիրված համերգ ունենալ»,-ասաց նա:
Տիգրան Մանսուրյանը նշեց, որ մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով: Նա ասաց, որ կորոշվի, թե որ բանաստեղծությունը մեներգով, որը երգչախմբով պետք է կատարվի: «Առեղծվածներ կան հանճարների կենսագրության, աշխատանքի մեջ, ծալքերում»,-ասաց նա: