Եվրահանձնաժողովը պատրաստվում է AstraZeneca-ի դեմ դատական գործընթաց սկսել. Politico
Եվրահանձնաժողովը պատրաստվում է դատական գործընթաց նախաձեռնել AstraZeneca ընկերության դեմ` պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրների առնչությամբ, գրում է Politico-ն:
Թերթի տեղեկություններով՝ հանձնաժողովը չորեքշաբթի այդ հարցը բարձրացրել է անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում, որի ժամանակ մեծամասնությունը հայտարարել է արտադրողի դեմ դատական գործ նախաձեռնելուն աջակցություն ցուցաբերելու մտադրության մասին:
Նշվում է՝ նման քայլի նպատակն է AstraZeneca ընկերությանը պարտավորեցնել Եվրամիության անդամ պետություններին տրամադրել պայմանագրում նշված պատվաստանյութերի չափաբաժինները:
Պարբերականը նշում է՝ ընկերության դեմ դատական գործի մեկնարկի ժամկետների մասին հայտնի կդառնա այս շաբաթ:
AstraZeneca ընկերության ղեկավարները նախկինում խոստովանել են, որ ընկերությունը շուրջ 2 ամիս հետ է մնացել ԵՄ պատվաստանյութերի արտադրության ժամանակացույցից:
Հիշեցնենք՝ ընկերությունն ավելի վաղ կանխատեսել էր, որ մինչև տարվա երկրորդ եռամսյակի ավարտը սեփական արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութի մոտ 70 միլիոն չափաբաժին կմատակարարի ԵՄ անդամ երկներին այն դեպքում, երբ ենթադրվում էր մատակարարել ԵՄ պայմանագրով ապահովված ամբողջական 300-միլիոնանոց չափաբաժինը: