Արգիշտի Քյարամյանն առաջիկա օրերին կարող է գերազանցել Սերժ Սարգսյանի անհավանական «ռեկորդը», որի համար անհրաժեշտ եղավ 43 տարի
2021 թվականի հուլիսի 12-ին Արգիշտի Քյարամյանն, ազատվելով ՔԿ պետի տեղակալի պաշտոնից, նշանակվեց ՔԿ պետ:
30-ամյա Քյարամյանը սկսել է աշխատել 2013 թվականից, այդ ընթացքում զբաղեցնելով ավելի քան 10 պաշտոն:
Ստորև ներկայացնում ենք նրա աշխատանքային կենսագրությունը.
2013-2014 թթ. ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում՝ որպես քննիչ:
2016 թ. հունիսի 1-ից մինչև 2018 թ. հունիսի 6-ն աշխատել է ՀՀ դատախազությունում՝ որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ:
2018 թ. հունիսի 8-ից մինչև 2019 թ. փետրվարի 26-ն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում՝ զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնները:
2019 թ. մարտի 1-ից մինչև 2020 թ. մայիսի 4-ն աշխատել է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում` որպես ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող:
2020 թ. մայիսի 4-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
2020 թ. մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
2020 թ. հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
2020 թ. դեկտեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Այսպիսով, մենք հաշվեցինք 14 պաշտոն, որոնք Քյարամյանը հասցրել է զբաղեցնել իր 8-ամյա աշխատանքային կարիերայի ընթացքում:
Նա այս ցուցանիշով մոտենում է օրինակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով իր ցուցանիշը գրանցել է 43 տարվա աշխատանքային կենսագրության ընթացքում.
1975-1979 թթ.-Երևանի էլեկտրատեխնիկական գործարան՝ խառատ
1979-1988 թթ․-ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական
1989-1993 թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն
1990 թ. - Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր
1993-1995 թթ. - ՀՀ պաշտպանության նախարար
1995-1996 թթ. - ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար
1996-1999թթ.՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
1999-1999թթ.՝ ՀՀ ազգային անվտանգության նախարար
1999-2000 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
1999-2007 թթ. - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
2000-2007 թթ. - ՀՀ պաշտպանության նախարար
2007-2008 թթ. - ՀՀ վարչապետ
2008-2018 թ.-ից` ՀՀ նախագահ:
2018 թ. ՀՀ վարչապետ
Քյարամյանը, եթե այս տեմպերով շարունակի, արդեն առաջիկա օրերին կարող է գերազանցել Սերժ Սարգսյանի ցուցանիշը, իսկ այս պահին նա իր տարիքային խմբում ուղղակի անվիճելի առաջնորդ է: