Կամ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կամ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա. Մարությանի պայմանը «Սանիթեքին»
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային հերթական խոհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը, իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքի համար:
Նա ընդգծել է, որ քաղաքային իշխանություններն այլեւս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք:
«Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Այդ հարցը պետք է որոշվի, այլեւս այսպես հնարավոր չէ: Եվ եթե դուք պահում եք գործընթացը ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն, եւ տույժեր ու տուգանքներ: Մենք ինչ-որ ժամանակահատված աշխատեցինք, քաղաքային իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը մի քիչ ուշքի գա:
Ընկերությունը կա՛մ վերցնում է պատասխանատվությունը եւ պատշաճ կազմակերպում է աշխատանքները, կա՛մ տալիս է քաղաքային իշխանություններին, որպեսզի քաղաքը մաքուր լինի: Երեւանցիներն այլեւս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ», - ընդգծել է քաղաքապետը: