Որևէ մեկի մոտ թող կասկած չառաջանա, թե ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա. Փաշինյան
Այն հարցը, թե վերջին մեկ տարում ինչ է փոխվել ՀՀ-ում, ունի շատ կոնկրետ պատասխան նաև Ոստիկանության զորքերում: Այս մասին այսօր ՀՀ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն կատարած այցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ արդեն գրեթե մեկ տարի ՀՀ Ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականցնում հայ-ադրբեջանական սահմանին:
«ՀՀ-ն պետք է լինի բռնությունից զերծ հանրություն, մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու որևէ մտայնություն: Եվ այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական աշխատանքով կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու: Բայց այս դեպքում էլ կարծես ՀՀ-ում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու՝ մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն: Եվ այսօր այստեղ ուզում եմ հստակ հայտարարել, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա կամ կամքի որևէ պակաս կունենա ՀՀ-ում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց որ որևէ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ ՀՀ կառավարությյան կամքը չի սասանվի և իրենց ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության քարոզչությունը: