«Իմ քայլի» նոր պատգամավորը Փաշինյանի մասին անեկդոտ պատմեց
Կարելի է իմպերատիվ կերպով արգելել, որ որեւէ դատավոր իր վարույթում գտնվող որեւէ գործի վերաբերյալ որեւէ մեկի հետ չշփվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով դատավորների նկատմամբ արտաքին ազդեցությունների խնդրին:
«Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հարց ուղղեց Վիգեն Քոչարյանին՝ նշելով. «Այստեղ խոսվեց արատավոր մի երեւույթի մասին, որ դատավորները դեռ շարունակում են իներցիոն գործելաոճով աշխատել, այսինքն կարեւոր որոշումների ժամանակ սպասել հրահանգների:
Քանի որ իշխանության կողմից բացառված է նման հրահանգ, եւ դրա մասին արդեն անեկդոտներ են պտտվում, երբ դատավորները նեղացած զանգում են վարչապետին եւ ասում են՝ եթե մենք չզանգենք, դուք մի հատ չեք զանգի, եթե իշխանության կողմից բացառված է հրահանգավորումը եւ ռիսկ է առաջանում, որ այլ ուժերի կողմից կարող են նման հրահանգներ լինել՝ հաշվի առնելով նաեւ կլանային համակարգի մաս կազմելը, մինչեւ համակարգային լուծումները, որոնք իրենց արդյունքը կտան ինչ-որ ժամանակ հետո, դուք ինչ իրավիճակային լուծումներ եք պատկերացնում այս վիճակը բացառելու համար»:
Ի պատասխան Վիգեն Քոչարյանը նշեց. «Ընդհանրապես գործունեությունը կառուցելիս պետք է ելնենք համապատասխան գոյություն ունեցող կարգավորումների տառից ու ոգուց: Բայց ընդհանուր առմամբ, պետք է մտածել համապատասխան լուծումներ գտնելու, որպեսզի իրոք բացառվի արտաքին կամ ցանկացած ազդեցություն դատավորի որոշումներ ընդունելու գործընթացի վրա:
Մեկ առաջարկություն ես արդեն նշեցի. Կարելի է իմպերատիվ կերպով արգելել, որ որեւէ դատավոր իր վարույթում գտնվող որեւէ գործի վերաբերյալ որեւէ մեկի հետ չշփվի: Այդ արգելքի խախտումը հայտնաբերելն ավելի հեշտ է, քան այլ դեպքերը, որ ունենք պրակտիկայում, եւ որոնցով պայմանավորվում է այն, որ մենք մեղադրանքներ, կասկածանքներ, խոսակցություններ, համոզմունքներ ունենք, բայց փաստացի տվյալներ քիչ ունենք, որը հնարավորություն կտա հստակ որոշումներ կայացնելու: Ոսւտի քաղաքականություն մշակողները պետք է այդ ուղղությամբ մտածեն, քանի որ այդ մտահոգությունը շատ կարեւոր է»: