Աշխատանքային լիազորությունները դադարեցնելու համար դիմում ներկայացնելու ընթացակարգ սահմանված չէ. Տիգրան Ուրիխանյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում չի ներկայացրել։
NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավորը, պատասխանելով մանդատը վայր դնելու մասին հարցին, ասաց. «Ինչպես նշել էի, աշխատանքային լիազորություններս դադարեցրել եմ եւ այս պահին դրանք չեմ իրականացնում։ Աշխատանքային լիազորությունները կարող են դադարեցվել տարբեր պատճառներով, իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքը չի սահմանում այդ պարագայում դիմում ներկայացնելու ընթացակարգ։ Ինչպես նշել էի այլ մեկնաբանությունները կթելադրեն իրադարձություններն ու դրանց ժամանակագրությունը»։
Ավելի վաղ պատգամավորը հայտարարել էր, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները. «Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք`քիչ չի թվա,եւ շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ,որ դադարեցրել եմ նաեւ "Ճշմարտության պահը" հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա»: