Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը
ՀՀ ոստիկանությունն ապահովում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորներ Դավիթ Գրիգորյանի եւ Արմեն Դանիելյանի անվտանգությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Դատավորները դիմել էին ՀՀ ոստիկանությանն իրենց անվտանգությունն ապահովելու համար:
Մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը «Մարտի 1-ի» գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը բավարարել էր եւ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել. Դատարանը հաշվի էր առել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ներկա նախագահ Բակո Սահակյանի երաշխավորությունը: Դավիթ Գրիգորյանը նաեւ կասեցրել է գործի վարույթն ու այն ուղարկել է ՍԴ՝ լրացուցիչ քննության համար:
Դատավոր Արմեն Դանիելյանի վարույթում այժմ գտնվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության բողոքարկման քննությունը Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման վերաբերյալ: