Ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար ՀՀ քաղաքացի է կալանավորվել. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Տեղեկացնում ենք, որ հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․–ին, ով, վրացական կողմի հաղորդմամբ, հանդիսանում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված 71,63 կգ ռադիոակտիվ նյութի սեփականատերը («Թորիում 232» տեսակի ռադիոակտիվ իզոտոպ)։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
«Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 214 հոդվածի չորրորդ մասով և 230 հոդվածի առաջին մասով, «Միջուկային նյութերի ապօրինի շրջանառության» և «Պետական սահմանը հատելու կարգի խախտում» հատկանիշներով, որը ենթադրում է 5-10 տարի ազատազրկում։
Գործը քննում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի գլխավոր քննչական վարչությունը:
Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացու հետ»,–ասված է գրառման մեջ։