Մնացած հոգսերը ամեն ընտանիք ինքը պետք է հոգա. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազամաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում:
Մենք միկրոբիզնեսը ազատում ենք հարկերից, հոգում ենք մինչև 18 տարեկանների, սոցիալապես անապահովների, ժամկետային և պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամների կենսական առողջապահական կարիքները, շուտով ընտանեկան նպաստի համակարգը կվերափոխենք այնպես, որ երեխա ունեցող ընտանիքը ոչ մի կերպ չի զրկվի նպաստից և աշխատելու, եկամուտ ստանալու հնարավորություն կստանա:
Մնացած հոգսերը ամեն ընտանիք ինքը պետք է հոգա իր օրինական աշխատանքով: Եվ Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք:
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում են նրան պահել մի քանի կոռուպցիոների նախընտրական որդնած բրնձի հույսին:
Եվ ի դեպ, մրցունակ կրթություն ստացած մարդը լավ է ապրում Հայաստանում և ավելի լավ պետք է ապրի: Քաջալերենք մեր երեխաներին մրցունակ կրթության, ինքնազարգացման, ինքնաքննադատության և ստեղծագործականության: Լավ ապրելու պարզ բանաձև»: