Քննարկման առարկա դարձնենք խնդիրները, այլ ոչ թե անձերին. Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձ է հղել երկրի ներքին զարգացումների հետ կապված:
Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Սիրելի հայրենակիցներ, ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական եւ քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ, մեր երկրում դեռեւս ակտիվ են հանրային բանավեճերը եւ փնտրտուքները: Անշուշտ, բոլորիս նպատակը շարունակում է մնալ նույնը. երկրում ամրապնդել ժողովրդավարությունը, ապահովել տնտեսական զարգացում եւ երկրի անվտանգությունը, ունենալ բարեկեցիկ հասարակություն, լիարժեքորեն կյանքի կոչել իրավական, սոցիալական պետության կայացման սահմանադրական սկզբունքները, երաշխավորել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
Մենք ուշադրությամբ հետեւում ենք հնչող բազմաթիվ հայտարարություններին, կարծիքներին, տեսակետներին, գործողությունների մասին կոչերին, այդ կոչերի վերաբերյալ կոչերին եւ այլն: Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված դերին հավատարիմ՝ ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց, որքան էլ որ որպես քաղաքացի մեծ է խոսելու գայթակղությունը:
Միաժամանակ ես լիահույս եմ, որ ընթացիկ եւ հետագա զարգացումները կնպաստեն ոչ միայն դատաիրավական բարեփոխումների արդյունավետությանը, այլեւ պետական եւ հանրային կառավարման բոլոր ոլորտների կատարելագործմանը, իշխանություն-հասարակություն փոխըմբռնման եւ համագործակցության խորացմանը:
Հույս ունեմ նաեւ, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի: Միայն պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին եւ մտքին: Մենք պետք է գիտակցենք, որ կարեւոր է ոչ միայն նպատակը, այլեւ դրան հասնելու ճանապարհը: Քննարկման առարկա դարձնենք տարաձայնություններն ու խնդիրները, այլ ոչ թե անձերին:
Առաջ գնալու համար հաճախ օգտակար է կարճատեւ դադարը, անելիքը եւս մեկ անգամ ծանրութեթեւ անելը: Գիտակցենք, որ մեզ այսօր անհրաժեշտ են միասնություն, կայունություն եւ ապագային միտված հայացք, տեսլական, ինչպես նաեւ կոնկրետ ծրագրեր:
Վերջին շրջանում ես հանդիպել եւ շարունակելու եմ հանդիպել քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներին ու անհատներին, բոլոր նրանց, ովքեր պատրաստ են երկխոսության, ովքեր շահագրգռված են ու գործում են հանուն մեր երկրի եւ ժողովրդի բարօրության: Աստված պահապան մեզ»,-ասված է ուղերձում: