Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցել է նոր հրապարակի բացմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` օգոստոսի 5-ին, Խնձորեսկում ներկա է գտնվել համայնքապետարանի միջոցներով կառուցված նոր հրապարակի բացման արարողությանը:
Հրապարակում նաեւ բացվեց նոր արձան` «Կինը կուժով», որը խորհրդանշում է խնձորեսկցի կնոջը, ինչպես նաեւ ջրի անխափան մատակարարման առկայությունը համայնքում:
Խնձորեսկից Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ, որտեղ այսօր երեկոյան ելույթ է ունենալու Վերածննդի հրապարակում։
Նշենք, որ այսօր Խնձորեսկում արդեն երկրորդ անգամ անցկացվում է «Սպարապետի օր» տոնական միջոցառումը:
«Սպարապետի օրը» բոլոր ժամանակների մեր սպարապետների ոգեկոչման տոնական միջոցառումն է։ Խնձորեսկում, Անապատ վանքի բակում է գտնվում 18-րդ դարի ազգային- ազատագրական պայքարի հերոս Մխիթար Սպարապետի շիրիմը։
Տոնական միջոցառումները մեկնարկել են ժամը 13։00-ից։ Մինչև ուշ գիշեր նախատեսվում են համերգներ, ազգային խաղեր, ավանդական պարի ուսուցում, թատերական բեմականացումներ, տաղավարներում տարբեր ձեռագործ իրերի, ավանդական ուտեստների ցուցադրություն-վաճառք, հյուրասիրություն և այլն։ Միջոցառումը կեզրափակվի գալա-համերգով, որը կավարտվի 22։00-ին։