Նոր մանրամասներ սահմանը հատած զինծառայողից
Երեկ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքներում մարտական դիրքը լքած զինծառայողը՝ 2000 թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքից է։ Համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ հստակ չգիտեն, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, և ինչու է Արայիկը հատել սահմանը։ Համայնքապետը նշեց, որ կատարվածի շուրջ մի քանի վարկած է շրջանառվում։ Մասնավորապես, որ նա, լինելով հետաքրքրասեր տղա, մեծ սեր է ունեցել քայլելու հետ։ Այդ օրն էլ ազատ ժամանակ է ունեցել և սկսել է քայլել, որոշակի տարածություն անցնելուց հետո մառախուղ է եղել, ու նա, կորցնելով ճանապարհը, հայտնվել է հակառակորդի սահմանին։ Նրանք էլ զինծառայողին բռնելով ներկայացրել են, թե իբր կամավոր է անցել սահմանը: «Դեռ ոչ մի բան հստակ չգիտենք։ Քննություն է գնում։ Մենք երեկ երեկոյան լուրը լսելուց հետո գնացել ենք իրենց տուն։ Հայրն անմիջապես մեկնել է Արցախ, դեռ չի վերադարձել։ Արայիկի եղբայրն էլ պայմանագրային զինձառայող է։ Խաչիկում է ծառայում։ Նրանց էլ են արդեն կանչել, փորձում են պարզել, թե ինչ է եղել»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ Արայիկ Ղազարյանը ընդամենը 10 օր առաջ էր զինվորական արձակուրդ եկել։ Ամեն ինչ նորմալ է եղել, ոչ մի բանից չի դժգոհել։ Եղբոր հետ է կիսվել, խոսել, բայց կրկին որևէ լուրջ խնդիրի մասին չի ասել, որը կարող էր դրդել նման արարքի, եթե, իհարկե, այն ինքնակամ է կատարել։
Համայնքապետը նշեց, որ ընտանիքը սոցիալապես անապահով է։ Զինծառայողի ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա սոցցանցի իր էջում:
Արայիկ Ղազարյանի՝ սահմանը հատելու վերաբերյալ տեղեկությունը առաջինը տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանք լուսանկարներ էին հրապարակել զինծառայողից, գրել, որ նա գտնվում է իրենց մոտ, ունի վնասվածքներ և տվյալ պահին ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։
Արայիկ Ղազարյանը 8 ամսվա ժամկետային զինծառայող է։