Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ

Երեսուն տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, երբ Ստեփանակերտում կայացած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին փաստաթուղթը, դա արցախահայությանը բնաջնջումից փրկելու և իր պատմական հայրենիքի մի հատվածում ազատ, անկախ, արժանապատիվ ապրելու առաջին կարևոր քայլերից էր, որին ամիսներ հետո պիտի հաջորդեր Լեռնային Ղարաբաղի անկախության հաստատման հանրաքվեն:

Ժամանակին ապօրինաբար Ադրբեջանին բռնակցված ԼՂԻՄ-ը հայատյաց Ադրբեջանի կազմից հանելու արցախահայության կամարտահայտությունը հիմնված էր պատմական դառը դասերի վրա. ոչ ոք չէր մոռացել Ադրբեջանի կազմում նույն հակաօրինական ձևով 1921թ. ընդգրկված Հայաստանի մեկ այլ հատվածի` Նախիջևանի իսպառ հայաթափումը, հայկական հազարամյա հուշարձանների հիմնահատակ ոչնչացումը, Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում հայերի ջարդերը, բռնի տեղահանումներն ու ԼՂԻՄ տարածքում ադրբեջանցիների նպատակային ակտիվ վերաբնակեցումը:

Արցախը ևս կարժանանար Նախիջևանի ճակատագրին, որտեղ այսօր գեթ մեկ հայ չկա, եթե մենք ինքնապաշտպանության նպատակով չստեղծեինք հայ աշխարհազորայինների առաջին խմբերն ու ջոկատները, իսկ ավելի ուշ` դրանց հիման վրա` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, որն արժանի հակահարված տվեց իր օջախ ներխուժած թշնամուն, դուրս շպրտեց հայրենիքի սահմաններից, և Արցախը լծվեց պետականաշինության գործին, սկսեց զարգանալ համայն հայության աջակցությամբ:

2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը և Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից գաղտագողի միանձնյա որոշմամբ ստորագրված՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը Արցախի և Հայաստանի համար մի նոր վտանգավոր շրջափուլ բացեցին, որի հետևանքները Արցախում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում զգում ենք ամեն օր:

Խաղաղության և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, կայուն և անվտանգ զարգացման հերթական սուտ խոստումներով գործող իշխանությունները բթացնում են պատերազմի արհավիրքները գրեթե մեկ տարի առաջ տեսած ժողովրդի զգոնությունը, վախ և անվստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ և հայկական երկու պետությունները տանում նոր վտանգների:

Մինչդեռ թշնամի պետության նախագահն ինքն էր խոստովանում, և ոչ մեկ անգամ, թե ինչպես էին «փակ դռների ետևում իրեն ստիպում ճանաչել ԼՂ անկախությունը»:

Ասել եմ տարիներ առաջ՝ 1990-ականների ծանր, բայց և հաղթական պատերազմի մասին և կկրկնեմ այսօր` այն ժամանակ մենք հաղթեցինք տևական, ծանրագույն և անհավասար պատերազմում:

Ոմանք ասում են` Ադրբեջանն ուներ ավելի շատ փող, զենք, զինամթերք, տեխնիկա և կենդանի ուժ:

Դա ճիշտ է, բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք:

Ազատասերը կռվում էր զավթիչի դեմ, և ազատասերը մենք էինք:

Արդարը կռվում էր անարդարի դեմ, և արդարության մարմնավորումը մենք էինք:

Եվ մենք հաղթեցինք, որովհետև հավատացինք մեր ուժերին, արժանապատվորեն պաշտպանեցինք մեր հողն ու ընտանիքը և դարձյալ կհաղթեինք, եթե մինչ 44-օրյա պատերազմը չվարկաբեկեին մեր բանակը, կադրային ջարդ չիրականացնեին զինված ուժերում, փորձառու հրամանատարներին չփոխարինեին հարմարվողականներով, ապաշնորհ ձևով չկառավարեին պատերազմը, հայ ժողովրդին պատերազմի ամբողջ ընթացքում հաղթանակի սուտ խոստումներ չտային, իսկ հետո չկոտրեին ոգին ու թշնամուն չհանձնեին մեր հայրենիքի մի մասը, չզոհեին հազարավոր մեր զավակներին, անտերության չմատնեին գերեվարված հարյուրավոր մեր հայրենակիցներին:

Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը, և նրա կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս անվտանգ ապրելն է, ինչի իրավունքը, անկասկած, արցախահայությունն էլ ունի:

Կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է միտված լինեն այս պարզ իրավունքը միջազգայնորեն ամրագրելուն` վերականգնելով արդարությունը իրավական ու պատմական տեսանկյունից, և ոչ հեռավոր անցյալի իրադարձությունները աչքի առաջ ունենալով` փրկել Արցախը հայաթափումից կամ իր իսկ բնօրրանում բնաջնջվելուց:

Այս ամենը հնարավոր է միայն արժանապատիվ իշխանությունների, ուժեղ բանակի, արհեստավարժ դիվանագիտական կորպուսի և իր ազատությունն ամեն ինչից վեր դասող, իր հավատքն ու ազգային արժեքները աչքի լույսի պես պահող, իր հերոսներին ու հաղթանակները փառաբանող ազգի ամենօրյա տքնաջան աշխատանքի և սեփական ուժերին անվերապահորեն հավատալու պարագայում:

Դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է, և դա մենք քանիցս ապացուցել ենք մեր հազարամյա ու նորագույն պատմության ընթացքում:

Հռչակագրով ամրագրված Անկախությունը պետք է հավատամք և արժանապատվորեն ապրելու ու զարգանալու պայման դառնա յուրաքանչյուր հայի համար:

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է իր հարգանքի տուրքը մատուցել Անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Այդժամ կարող ենք ազգովի անվարան ու լիարժեքորեն շնորհավորել միմյանց Անկախության հռչակագրի ընդունման առթիվ և աներեր հավատով նայել ապագային:

Սերժ Սարգսյան