Մի խումբ Արցախցիներ պատերազմի ժամանակ օգնել են թշնամուն, տրամադրել են տվյալներ. մանրամասներ
2020 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում գործող հասարակակական կազմակերպությունների կողմից դատախազություն էր ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, որում ներկայացվել են տեղեկություններ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների /քննությամբ դեռևս չպարզված/ կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։ Արցախի դատախազությունից հայտնում են, որ հիշյալ հաղորդմամբ ներկայացված դեպքերի կապակցությամբ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար, սույն թվականի փետրվարի 15-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե։