ԱԱԾ-ն ձերբակալում է նրանց, որոնք տարիներ շարունակ Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմ են վարել. Էլիբեգովա
Որեւէ մեկը հոդաբաշխ բացատրություն չտվեց՝ իմ անձնական հեռախոսը կամ աշխատանքային համակարգիչն ինչ կապ ունեն ինչ որ ֆեյք բռնելու հետ եւ առավել եւս անհասկանալի էր մեզ բերման ենթարկելու պատճառը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նա պատմեց, որ ԱԱԾ-ում երկար չեն մնացել, սակայն ինքը չի կարողացել իրացնել իր զանգի իրավունքը. «Բացի դա՝ դուրս գալուց հետո պարզվել է, որ մի փաստաբան փորձում էր շուրջ մեկ ժամ մուտք գործել ԱԱԾ՝ իրենց իրավաբանական օգնություն ցուցաբերելու։ Կարծում եմ դեռ չի վերջացել այդ պրոցեսը, պետք է իրավական հարթակում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Ամեն դեպքում՝ այս պահի դրությամբ ինձ համար անհասկանալի պատճառներով ես մնացել եմ առանց հեռախոսի, առանց աշխատանքային համակարգչի, առանց հնարավորությունների՝ կատարելու իմ աշխատանքը»։
Էլիբեգովան արձանագրեց, որ բերման ենթարկված եւ ձերբակալվածները շատ ակտիվ զբաղվում էին Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմներում պայքարով. «Այս պահի դրությամբ պարալիզացնելով այդ ամբողջ աշխատանքը՝ հանրության մոտ արդեն եզրակացությունները նշմարվում են, թե ինչու է դա արվում։ Աբսուրդ է, որ ազգային անվտանգության սպառնալիքների ֆոնին ամբողջ համակարգով զբաղվում են ֆեյքով»։