Այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել․ Վազգեն Մանուկյան
Մենք ոստիկանների շատ ենք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որն այսօր տեսա՝ երբեք չէր եղել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ոստիկանության շենքի դիմաց հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Էդ ո՞ւմ եք դուք պաշտպանում։ Մինչեւ վերջ պատասխան եք տալու։ Մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը եւ այլն, ամեն ինչ սկսվեց ոստիկանությունից, մեր ոստիկաններին էին Լաչինը պաշտպանում, մեր ոստիկաններից սկսվեց ջոկատների միավորումը։ Այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել»,- նշեց Վազգեն Մանուկյանը։
Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:
Մինչ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր նախարարության շենքում, ոստիկանները սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել քաղաքացիներին՝ առանց որեւէ նախազգուշացման։
Նշենք, որ քաղաքացիներն այդ պահին կանգնած էին ոչ երթեւեկելի հատվածում, եւ իրենց դժգոհությունն էին հայտնում Նիկոլ Փաշինյանի առնչությամբ։