Մի խումբ զինծառայողներ ինքնակամ լքել են զորամասը. ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ ԶՈՒ կենսագործունեությունը խաթարող քայլերից
ՀՀ ՊՆ N զորամասում փետրվարի 23-ին տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։
«Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։
Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածն ու քաղաքացիներին հորդորում ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց, առավել ևս՝ ռազմական դրության պայմաններում և պետպատերազմյան վերականգնման ու վերակազմավորման փուլում գտնվող ԶՈՒ կենսագործունեությունը խաթարող քայլերից, որոնք ակնհայտորեն վտանգում են այս բարդ շրջանում պետության անվտանգությանն առնչվող խնդիրների կատարումը։