«Օրենքով գող» «Զապի» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նա ազատության մեջ է
Դատարանի որոշմամբ քրեական հեղինակություն համարվող «օրենքով գող» «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց նրա փաստաբան Արթուր Պիվազյանը։
Փաստաբանի խոսքով՝ քրեական հետապնդումը դադարեցվել է` հանցակազմի բացակայության, ինչպես նաեւ բավարար ապացույցներ չունենալու հիմքով։
Պիվազյանն ասաց, որ արդեն հայտարարվել է գործի ավարտ ու կարճվել։
Նա հայտնեց, որ Անդրանիկ Սողոյանն արդեն ազատության մեջ է։
Հարցին՝ այդ գործով արդյոք վկաներ կայի՞ն, փաստաբանն ասաց, որ բազմաթիվ վկաներ կային, սակայն որեւէ մեկը Անդրանիկ Սողոյանին չի ճանաչել։
Արթուր Պիվազյանն ասաց նաեւ, որ Անդրանիկ Սողոյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն դատարանն այն մերժել էր։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը)։