Կասկադյորական ավտովթար Երևանում՝ ԱԱԾ-ի դիմաց
shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ մարտի 2-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էդուարդ Աթաբեկյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ Ազգայնի անվտանգության ծառայության դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն, այնուհետև կոտրել ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսային ապարատն ու գովազդային վահանակը, ապա առաջ ընթանալով՝ բախվել ծառին և էլեկտրասյանն ու հայտնվել հանգստի համար տեղադրված նստարանի մոտ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է. Աթաբեկյանն ու ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Լևոն Բոցիկյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության և Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ, ում կողմից փատստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։