ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու քայլերը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին:Այս մասին տեղեկանում ենք ներկայացուցչի գրասենյակից։
Դեսպանին է ներկայացվել Ադրբեջանի կողմից սանձազերզված 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների և պատերազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն:
Հատկապես կարևորվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելուն ուղղված քայլերը:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեսպան Միխայիլ Բանցհաֆին ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքը և նշել, որ պատերազմից ի վեր այդ անձանց իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք էլ բավարարվել են ՄԻԵԴ-ի կողմից:
Կարևորվել է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից գերեվարված անձանց հարցի մասին քննարկման հանգամանքը:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքների և հետագա անելիքների մասին քննարկում:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը ամփոփ ներկայացրել է այդ ուղղությամբ կատարված աշխատանքները: