Ավտովթար Երևանում. Ինչն է եղել պատճառը
Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանութամբ, բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 30-ամյա Դավիթ Գ.-ի վարած Mercedes մակնիշի, 40-ամյա Արթուր Գ.-ի վարած Nissan մակնիշի և Արմեն Գ.-ի, (ում տարիքը պարզվում է) վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառաողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Hyundai-ի վարորդ Արմեն Գ.-ի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է, ով այնուհետև դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Mercedes-ին, Mercedes-ին էլ բախվել է Nissan-ը: Վերջինիս վարորդ Արթուր Գ.-ն էլ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեում, ավտոմեքենայի համարանիշներն էլ հաշվառված են ՀՀ քննչական կոմիտեի հաշվեկշռում: