Երևանում 37-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը, կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Աշտարակի բնակիչ, 37-ամյա Հրաչյա Մկրտչյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Վեոլիա Ջուր» ընկերության մուտքի դիմաց գտնվող բետոնե բաժանարար սյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ուղևորներ՝ Աշտարակի բնակիչներ, 23-ամյա Սարգիս Պետրոսյանը, 30-ամյա Նարեկ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մյուս ուղևորներ, Աշտարակի բնակիչներ, 26-ամյա Արտավազդ Ֆարադյանը, 27-ամյա Տարոն Մուրադյանը և 27-ամյա Կառլեն Խաչատրյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից Ա. Ֆարադյանը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/03/14/1181583/