Ողբերգական դեպք. դեպքի վայրով պատահաբար անցնող քաղաքացին հեռախոսազանգով պարզել է, որ մահացածն իր եղբայրն էր
Ժամը 19:20-ի սահմաններում, Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց՝ էստակադայի վրա, բախվել են մոտոցիկլն ու Opel մակնիշի ավտոմեքենան:
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղում մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի և մահացած մոտոցիկլավարի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայր էր մոտեցել մի քաղաքացի, ով ճանապարհային ոստիկաններին ասում էր. «Անցնում էի, նկատեցի, որ մոտոցիկլը կողաշրջված է, ճիշտն ասած, մեջս կասկած առաջացավ, որ հնարավոր է, եղբայրս լինի»: Նա զանգահարեց եղբոր բջջայինին, և մահացած մոտոցիկլավարի մոտ զանգ հնչեց: