«Զանգեզուրի» միջանցք, անկլավներ, նոր տարածքների կորուստ. ի՞նչ գին կվճարի Հայաստանը՝ Փաշինյանի չհեռանալու դեպքում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբն այսօր հայտարարեց, որ իշխանություններն ընդունել են զինադադար հաստատելու՝ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի առաջարկը: Պայմանները ավելի քան դժնդակ են, փաստացի սա հայկական կողմի երկրորդ կապիտուլյացիան է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի» զինված կազմավորումների լուծարման ու «Պաշտպանության բանակի» ամբողջական զինաթափման մասին ու և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերումը՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։ Իսկ վաղը Արցախի և Բաքվի ներկայացուցիչները Եվլախում կքննարկեն այսպես կոչված՝ վերաինտեգրման հարցերը:
Բոլորի համար էլ պարզ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է Հայաստանի իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած ապիկար, անհաշվենկատ և արկածախնդիր քաղաքականության: Եվ կարծել, թե Արցախից ձեռքերը լվացող Փաշինյանն ու թիմը դրանով փրկելու են Հայաստանը՝ միամտություն է: Իրականում, Արցախի անկումով իրավիճակը Հայաստանի համար դառնում է էլ ավելի վտանգավոր և պատային: Եթե հանրությանը և քաղաքական ուժերին չհաջողվի հասնել Փաշինյանի հրաժարականին և չձևավորվի իրապես պետականամետ քաղաքականություն իրականացնող իշխանություն՝ մեզ սպասվում են նոր արհավիրքներ: Արցախի վերջնական հանձնման դեպքում հաջորդը կլինի Սյունիքը, քանի որ Բաքվի վարչախումբը չի էլ թաքցնում, որ իր գլխավոր նպատակը Սյունիքի հանդեպ ամբողջական վերահսկողության սահմանումն է և դեպի Նախիջևան միջանցքի ձևավորումը։
Իր պահանջների կատարման ճանապարհին, փորձելով ստեղծել ապագա ագրեսիայի քարոզչական հիմք, գրեթե ամենշաբաթյա ռեժիմով Ալիևը ամեն պատեհ ու անպատեհ առիթով սկսեց խոսել «Արևմտյան Զանգեզուրի» (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, Սևանա լիճ, Երևան) իբրև թե ադրբեջանական պատկանելության մասին՝ պնդելով, որ իրենք դարերով ապրել են այնտեղ և ապա վռնդվել։ Նպատակը պարզ է՝ ՀՀ տարածքների նկատմամբ ապագա ագրեսիայի լեգիտիմացում։ Ադրբեջանի հետագա բոլոր քայլերը՝ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիան, սուվերեն տարածքների օկուպացիան, սահմանազատման և սահմանագծման պահանջն ուղղակիորեն բխում են «միջանցքի» օրակարգի սպասարկումից և միտված են ապագա խաղի համար ուժեղ խաղաթղթեր ստանալուն, որոնք հնարավոր կլինի սակարկել և փոխանակել Հայաստանի հետ։ Ընդ որում, միջանցքի գլխավոր շահառուները հենց տարածաշրջանային ուժերն են: Դիցուք՝ Ռուսաստանը, վերահսկելով Ադրբեջանը Նախիջևանին կապող «միջանցքը», կվերահսկի թե՛ Հայաստանի ու Իրանի սահմանը, թե՛ Ադրբեջանը Թուրքիային կապող կարևոր ռազմավարական հանգույցը։ Թուրքիան «միջանցքի» միջոցով կկարողանա անխոչընդոտ կապ հաստատել Ադրբեջանի հետ, քանի որ հիմա Ադրբեջան-Նախիջևան կապն իրականացվում է Իրանի տարածքով և վերահսկվում է Իրանի կողմից։ Ադրբեջանը «միջանցքի» միջոցով հույս ունի անարգել կապ ունենալ իր էքսկլավ Նախիջևանի հետ և շարունակել կառուցել իր նավթամուղներն ու գազամուղները դեպի Թուրքիա և այնտեղից՝ դեպի Արևելյան ու Հարավային Եվրոպա։
Հաջորդ վտանգը, որը կարող է ձևավորվել Արցախի վերջնական կապիտուլյացիայից հետո ՀՀ-Ադրբեջան՝ այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի ստորագրումն է: Եթե վերլուծենք և համադրենք մինչ այս բաց աղբյուրներում հրապարակված և տարբեր կալիբրի հայ և ադրբեջանցի պաշտոնյաների կողմից շրջանառվող վարկածները, ապա այդ պայմանագիրը ներառելու է Հայատանի համար կործանարար կետեր: Դրանից մեկն է՝ Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից նոր տարածքների հանձնում Ադրբեջանին՝ «անկլավ» անվան տակ։ Անկլավների թեմային Փաշինյանն ու նրա ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին շրջանում շատ են անրադարձել:
՝Տավուշի «անկլավները» Ադրբեջանին հանձնելով՝ ունենալու ենք ռազմավարական մի շարք խնդիրներ։ Հայաստանը Վրաստանին ու Ռուսաստանին կապող ճանապարհի մի քանի հատվածներ Ադրբեջանի վերահսկողության տակ կհայտնվեն։ Ոսկեպարով են անցնում Իջեւան-Նոյեմբերյան-Վրաստան միջպետական մայրուղու 2-3 հատվածներ, որոնք, այդ տարածքը հանձնելու դեպքում, անցնելու են Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Գորիս-Կապան հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող մեր միջպետական ճանապարհի հատվածներ տվեցինք Ադրբեջանի վերահսկողությանը, այստեղ էլ տալու ենք ՀՀ-Վրաստան-ՌԴ ճանապարհը: Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի տարածքները հանձնելու դեպքում մոտակա Այգեհովիտ ու Դիտավան գյուղերը սահմանագծից հեռու կլինեն մոտ 300-500 մետր, իսկ Ազատամուտ գյուղը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի նման կիսվելու է: Ադրբեջանին հանձնվող տարածքների մեջ շրջանառվում է նաեւ Արարատի մարզի Տիգրանաշեն (նախկին Քյարքի) գյուղի անունը: Տիգրանաշենի հանձնման դեպքում Երեւանը Վայոց ձորին, Սյունիքին, այնտեղից էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:
Հաջորդ վտանգը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։ Այս տարվա հուլիսին Բաքվից հայտարարեցին, որ Բրյուսելում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ընդգրկվել և քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Մինչ այդ՝ Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիներին միավորող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը շտապել է ողջունել «պատմական» այդ իրադարձությունը և ընդգծել՝ Միշելի, Փաշինյանի և Ալիևի մակարդակով իրենց նախկին բնակավայր վերադառնալու հարցի քննարկումը ոգշնչող է։ Ադրբեջանական լրատվադաշտին հետեւելիս կարելի է նկատել, որ հեռուստատեսությամբ վերջին շրջանում ռեպորտաժներ են պատրաստում, հարցազրույցներ անում 88-90-ականներին Հայաստանից Ադրբեջան արտագաղթած ադրբեջանցիների հետ, եւ նրանք պատմում են, որ, ասենք՝ Երեւանում ես ապրում էի դիցուք՝ այս կամ այն տարածքում, հիմա եթե հնարավորություն լինի, կվերադառնամ։ Ադրբեջանցի փախստականների վերադարձի լոկացիաները բազմազան են․ խոսքը գնում է Սյունիքի, Մասիսի, Վեդիի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մասին՝ Հայաստանի եւ Երեւանի բոլոր սահմանամերձ հատվածների մասին։ Հայկական կողմը չի հերքել, որ ստորագրվելիք պայմանագրում կարող է նաև նման կետ ներառվել, ինչը արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս:
Այս բոլոր վերը նշված վտանգներին պետք է նայել այն հանգամանքի պրիզմայով, որ Փաշինյանի երկու աթոռին միաժամանակ նստելու՝ Արևմուտքին սիրաշահելու և Մոսկվային մերթ քննադատելու, մերթ ռևերանսներ անելու արդյունքում Հայաստանը այսօր չունի դաշնակիցներ, որոնց օգնությամբ առնվազն հնարավոր կլիներ չեզոքացնելու առկա վտանգներից մի քանիսը:
Սա իր հերթին նշանակում է, որ այլևս հանրության մեծամասնության վստահությունը չվայելով՝ իշխանությունները, ի դեմս Փաշինյանի, պետք է հեռանան՝ տեղը զիջելով կարող և պետականամետ ուժերի, որոնք էլ ի վիճակի կլինեն դիմակայելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Հակառակ դեպքում՝ եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել՝ ունենալու ենք այն դժնդակ և ողբերգական պատկերը, որը նկարագրված է վերևում: