Հակոբ Սերոբյանը՝ Կոտբուսից․ Գոհ եմ տղաների արդյունքներից, ավելին չէի կարող պահանջել
Գոհ եմ տղաների արդյունքներից, ավելին չէի կարող պահանջել: Դժգոհ եմ միայն Արթուր Դավթյանից: Ինչ վերաբերում է վարկանիշներին, առանձին գործիքներում այլեւս հնարավորություն չունենք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ մեկնաբանելով Կոտբուս քաղաքում ավարտված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում Հայաստանի 4 ներկայացուցիչների մրցելույթները:
«Շատ լավ եմ գնահատում տղաների արդյունքները: Այստեղ ուժեղ պայքար էր գնում: Օրինակ՝ Արթուր Ավետիսյանն իր միավորներով չնչին տարբերությամբ զիջեց Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի արդյունքին: Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն արել են ամեն ինչ իրենց ներկայիս հնարավորությունների չափով: Բոլորն էլ շատ լավ մասնակցեցին, բացի Արթուր Դավթյանից: Թե ինչու վատ հանդես եկավ Արթուրը, չեմ կարող ասել: Նա ավելի լավ կպատասխանի: Օրինակ՝ առանձին գործիքների վրա նրան փորձարկում էինք: Հենացատկում շատ վատ մասնակցեց, դժգոհ եմ: Ամեն դեպքում Արթուրն ունի անվանական օլիմպիական ուղեգիր եւ կարեւոր է, որ նա Տոկիոյում հենացատկում շատ լավ հանդես գա»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Անդրադառնալով վարկանիշային միավորներին եւ ուղեգրերի հնարավորություններին, գլխավոր մարզիչի խոսքով՝ հնարավորությունները չկան:
Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը: Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը օլիմպիական ուղեգիրը նվաճել է Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 8-ին՝ բազմամարտում զբաղեցնելով 9-րդ տեղը: Ուղեգիրն անվանական է: Տոկիո2020-ում Դավթյանը հանդես կգա հենացատկի վարժությունում: