Պետրոս Ավետիսյանը՝ «Տոբոլ» տեղափոխվելու մասին․ Ցանկանում էի խաղալ ավելի ուժեղ առաջնությունում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն այս շաբաթ Երեւանի «Արարատ-Արմենիայից» տեղափոխվեց ղազախական «Տոբոլ», որը գլխավորում է Գրիգորի Բաբայանը։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստը պատմել է նոր ակումբ եւ առաջնություն տեղափոխվելու մասին։
Պետրոս, ինչպե՞ս ծագեց «Տոբոլի» տարբերակը, ինչո՞ւ ընտրեցիր հենց այս ակումբը։
Կարծում եմ՝ վաղուց էր հասունացել Հայաստանի առաջնությունից հեռանալու պահը, հատկապես, հիմա, երբ արդեն դարձել եմ Հայաստանի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
Ցանկանում էի փոխել մթնոլորտը եւ խաղալ ավելի ուժեղ առաջնությունում, զարգանալ, առաջադիմել։ Այս տարբերակն առաջարկեց հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը։
Կար հետաքրքրություն տարբեր ակումբների կողմից, բայց ես ընտրեցի «Տոբոլի» տարբերակը, քանի որ նրանցից ստացա հստակ առաջարկ։ Կարծում եմ՝ սա այս պահին լավագույն տարբերակն էր։
Համարո՞ւմ ես տեղափոխությունը Ղազախստանի առաջնություն քայլ առաջ։
Գլխավորն այն է, որ այս առաջնությունն ուժեղ է Հայաստանի Բարձրագույն խմբից, հրավիրվում են շատ ուժեղ օտարերկրացի խաղացողներ, կան ուժեղ ղազախ ֆուտբոլիստներ, ակումբները հանդես են գալիս եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերում։
Այստեղ շատ է ֆիզիկական պայքարը։ Հետագա զարգացման համար կարեւոր է փորձ ձեռք բերել նաեւ այսպիսի առաջնությունում։ Ղազախստանում խաղացել են Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներ Մարկոս Պիզելին, Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Ռոբերտ Արզումանյանը, հիմա խաղում են Կամո Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը։
Մինչեւ տեղափոխությունդ խորհրդակցե՞լ ես նրանց հետ։
Այո, բոլորի հետ էլ զրուցել եմ։ «Արարատ-Արմենիայում» Ղազախստանի մասին հասցրեցի խոսել Մարկոս Պիզելիի հետ եւ լսեցի միայն դրականը։
Կօգնե՞ն մրցելույթները Ղազախստանի առաջնությունում ամրապնդվել Հայաստանի հավաքականի կազմում։
Հավաքականում հայտնվելու համար պետք է լինել լավ մարզավիճակում, օգուտ բերել թիմին եւ խաղալ լավ մակարդակի վրա։ Ղազախստանի առաջնությունից միշտ հրավեր ստացել են ազգային թիմ։
Սամվել Սուքիասյան