Եկեղեցուն ու հովվապետին անպատվելն անբարոյական է, վեհափառին թիրախ դարձնել՝ նշանակում է ծաղրել ազգայինը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
«Վեհափառ հոր անունն ու վեղարը բերանի ծամոն է դարձել սոցիալական հարթակներում: Պատճառն այն է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը «համարձակվել է» հայրապետական մեծահոգությամբ հորդորել մեր արդարադատությունն իրականացնողներին՝ փոխել ՀՀ 2-րդ նախագահի կալանքը և չբարդացնել նրա առողջական վիճակը»,-այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Գասպարյանը։
Վեհափառի խոսքը քաղաքականացվեց, նկատել է Գասպարյանը և հավելել, որ շատերը, այդ թվում՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱԺ-ի փոխնախագահից մինչև Հանրային խորհրդի նախագահ հարձակվեցին Կաթողիկոսի ու Մայր Աթոռի վրա, հայտարարությունն էլ համատեքստից կտրելով՝ լեզվին եկած ամեն բառ կամ կուտակված թույն տեղացին վեհափառի հասցեին:
«Տեղին եմ համարում հիշեցնել վարչապետ Փաշինյանի՝ բազմիցս արած կոչերն իր քաղաքական հակառակորդներին... մտածե՛ք խոսելուց առաջ: Հիմա՝ տղե՛րք, հետևեք վարչապետի հորդորին: Մտածելը պետական գործչին երբեք չի խանգարել: Դուք արդեն պետակա՛ն գործիչ եք, ոչ թե քաղաքական դիվիդենտ հավաքող ընդդիմադիրներ: Ձեր թունոտ խոսքի հասցեատերը մեր եկեղեցին է»,-ասել է Աբրահամ Գասպարյանը:
Նա նաև նշել է, որ անկախ քաղաքացի Կտրիճ Ներսիսյանի անձի վերաբերյալ յուրաքանչյուրի ձևավորված դիրքորոշման՝ մենք պետք է հաշվի առնենք, որ խոսում ենք Ամենայն հայոց վեհափառի մասին և մի փոքր շշուկով խոսենք. «Նա մեր եկեղեցու միապետն է, որին իշխանությունը տվել է Աստված: Նրա ընտրությունը չպետք է դիտարկել ազատ, արդար ու թափանցիկ ընտրության պրիզմայով»:
Ըստ Աբրահամ Գասպարյանի՝ ումի՞ց պետք է թույլատրություն վերցնի վեհափառը՝ գթասրտության և քրիստոնեական արժեքների մասին ևս մեկ անգամ հիշեցնելու. «Ես այստեղ չեմ քննարկում Ռոբերտ Քոչարյան անձը: Կա դատական գործընթաց, որն իբր ընթանում է արդեն մոտ երկու տարի, կամ ձգձգվում... դա հարցի մյուս կողմն է: Ես խոսում եմ՝ առիթից օգտվելով՝ եկեղեցուն թիրախ դարձրած, վեհափառ հոր հասցեին ամբարտավան խոսքեր հնչեցնող իբր պետական գործիչների պահվածքի մասին»:
Հաղորդավարը հիշեցրել է, որ մարդասիրական մղումներով հորդորները բնորոշ են բոլոր կրոնների բոլոր հովվապետներին և տրամաբանական է, որ մտահոգվել է պետականաշինության գործում ներդրում ունեցած նախագահի առողջության համար. «Քննադատեք 2-րդ նախագահին, նրա իրավանախորդին, իրավահաջորդին, գործող իշխանությանը, որ 2 տարի է չի կարողանում դատական մի գործընթաց գլխի բերել ու ի վերջո բոլորին ցույց տալ՝ ով է թալանել ու ով է ոճրագործը: Բայց ինքնագոհ, անհանդուրժող ու անարգալից հայտարարություններով անպատվել եկեղեցին ու հովվապետին՝ անբարոյական է»:
Նա նաև հիշեցրել է, որ եկեղեցին միայն վեհափառը չէ, եկեղեցին նաև այսօրվա Սփյուռքն է, հենց այս սփյուռքը, որը քանակով երիցս ավելին է քան ՀՀ բնակչությունը, եկեղեցին համակարգ է, ազգային ինստիտուտ և այս առումով՝ մեր բոլոր գնահատականներն ու մեկնաբանությունները պետք է հավասարակշռված լինեն. «Մենք՝ լրագրողներս, խոսքը կոնտեքստից կտրողներին անվանում ենք՝ տհաս ու չկայացած: Պատմությունը մեզ չի ներելու մեկ բանի համար՝ օրհասական պահին անտարբերություն դրսևորելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: