«Մենք քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցինք». Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 24-ի միջոցառումների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook_ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է 2020 թվականի ապրիլի 24-ի միջոցառումներին՝ նշելով, որ իրենք իրագործել են ճգնաժամը որպես հնարավորություն թեզը:
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք ասում էինք, որ այս ճգնաժամին պետք է նայենք որպես հնարավորություն, իսկ ապրիլի 24-ին այս տեսական թեզը ամենավառ եւ ամենահիշարժան արտահայտումը գտավ: Մենք բոլորս կանգնած էինք մի շատ ծանր իրավիճակի առջեւ, երբ մոտենում էր Հայոց ցեղասպանության զոհերի 105-րդ տարելիցը, միաժամանակ համաճարակը թեւածում էր Հայաստանում:
Մենք շանր իրավիճակում էինք, մտածելով, թե ինչպես կարելի է ՀՀ քաղաքացիներին եւ ընդհանրապես, մարդկանց արգելել բարձրանալ Ծիծեռնակաբարդ, դա աներեւակալեի մի բան էր թվում, մյուս կողմից ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, իմանալով, որ դրա հետեւանքով ոչ թե օրական կորոնավիրուսի մի քանի տասնյակ, այլ ի քանի հարյուր դեպք ենք ունենալու, եւ ընդհանրապես, իրավիճակը վստահաբար դուրս է գալու հսկողությունից: Հենց այստեղ էր, որ մենք որոշեցինք առաջնորդվել ճգնաժամը որպես հնարավորություն օգտագործելու թեզով: Մենք խնդիր դրեցինք, որ եթե այսպես է, ուրեմն պետք է ինչ-որ ձեւով մեր միտքը օգտագործելով այնպես կազմակերպել մեր միջոցառումները, որ լինի նույնիսկ ավելի տեսանելի եւ ավելի հզոր մեր ազգային ուղերձների ընդգծման եւ փոխանցման առումով:
Իհարկե, երբ այդ գաղափարները քննարկում էինք, մենք չգիտեինք, թե կստացվի դա, թե ոչ, կկարողանա՞նք պարզերես լինել մեր հանրության, մեր ժողովրդի, Սփյուռքի առաջ, թե ոչ: Բայց մենք առաջնորդվեցինք ճգնաժամը որպես հնարավորություն թեզով:
Ի՞նչ տեղի ունեցավ. Մենք մեր մասին, մեր պատմությունը պատմեցինք առանց աղաղակի, մենք շատ ուժեղ, լսելի, տեսանելի ոգեկոչեցինք, բայց առանց ողբի: Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից եւ մեր այդ կերպարը, համոզված եմ, բոլորիս շատ դուր եկավ, որովհետեւ մենք հասկացանք, որ ահա այսպիսի ազգ ենք, այսպիսի ժողովուրդ ենք: Շատերը սոցցանցերում հարց էին բարձրացնում, թե ինչպե՞ս կարելի է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբրդ բարձրանալ արեւածաղիկ չրթելով, շատերը բարձրացնում էին հարցը, որ փողոցների երկայնքով գետնին թափված ծաղկի վաճառք է տեղի ունենում եւ այլն:
Մենք հիմա նայեցինք մեր մյուս կերպարին, այդ երկուսը համեմատեցինք եւ հարցեր բարձրացրինք: Ինքներս մեզ համար, կարծում եմ՝ քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցինք՝ ինքներս մեր մասին պատմելու, ինքներս մեզ ներկայացնելու»:
Այնուհետեւ վարչապետը անդրադարձել է այդ միջոցառման գործող անձանց. «Չմոռանանք այն գործող անձանց, որոնք այդ տեսությունը դարձրեցին գործնական իրականություն: Ապրիլի 24-ի միջոցառումները բացառիկ բարձր մակարդակով կազմակերպելու համար եւ մտածվածը բարձր մակարդակով իրականացնելու համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմին, ԱԳՆ-ին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Ոստիկանությանը, Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, Երեւանի քաղաքապետարանին, ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, Հանրային հեռուստաընկերությանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, այն պետական կոլեկտիվներին եւ բոլոր անհատ կատարողներին, որոնք այդ օրը ուղղակի ցնցեցին մեզ: Ես անկեղծ ասեմ, երբ ապրիլի 24-ի միջոցառումն սկսվել էր, ես լարված հետեւում էի՝ տեսնելու, թե ինչպես է ամեն ինչ ընթանում: Բայց արձանագրեցի, որ այդ պրոցեսն ինձ ուղղակի ներքաշեց, կլանեց եւ մինչեւ գիշերվա 4-ն անց հետեւել եմ եթերին: Իսկապես դա բացառիկ միջոցառում էր:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ալտրո մեդիա» ՍՊԸ-ին, «Լայթ լայֆ» ՍՊԸ-ին, «Երքաղլույս» ՓԲԸ-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, նաեւ անհատապես ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն նախարար Հակոբ Արշակյանին, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, Կառավարության աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, Լյուսի Դայանին, Հանրային հեռուստատեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանին եւ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանին»:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց նաեւ այն քաղաքացիներին, որոնք իրենց անուն, ազգանուններն ուղարկելով մասնակից դարձան վիրտուալ երթին, նաեւ այն բոլոր քաղաքացիներին, որոնք ըմբռնումով մոտեցան կայացված որոշմանը: