Արայիկ Հարությունյանին տարել էին դիրքեր, ասել էր` էս ուր եք ինձ բերել. Մեղրիի քաղաքապետ. News.am
Սյունիքի մարզի 7 համայնքների` Կապանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրիի, Սիսիանի, Տեղի, Տաթևի համայնքապետերը չեն մասնակցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:
«Ճիշտն ասած սկզբում որոշել էինք մասնակցել, 11-ին էր նշանակված եղել, գրավոր էլ ուղարկել էին մարզպետարանից, բայց հետո ժամ փոխեցին ու հաշվի առնելով, որ ակնկալիքներ էլ չունեինք մեր գրաֆիկը չփոխեցինք եւ չգնացինք հանդիպման: Հետո Սյունիքի խնդիրները ամբողջ հանրապետությունում գիտեն, այնպես չէ, որ պետք է հանդիպեն համայնքապետերի հետ, նոր իմանան` ինչ խնդիրներ կան: Խնդրեմ, կարող են իրենց ծրագրերը իիրականացնել, մենք էլ արդյունքները տեսնելով մեր գնահատականը կտանք էլի»,- ասաց նա:
Սյունիքում առկա խնդիրները, ըստ Մեղրիի քաղաքապետի, այս կառավարությունն ի զորու չի լուծելու, իրենք ակնկալիքներ չունեն. «Ես այս կառավարության գլխավորությամբ, ցավոք սրտի, ոչ մի ակնկալիք, հույս չունեմ, ուրիշ բան եթե վերականգնվենք, հզորանանք, հնարավոր են փոփոխություններ լինեն»:
Մեղրիի քաղաքապետը պատմեց, որ մինչ այդ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանն էր այցելել Սյունիք, նրան ուղեկցել էին դիրքեր եւ շատ մեծ դժգոհություն էր հայտնել:
«Արայիկ Հարությունյանին տարել էին դիրքեր, շատ մեծ դժգոհություն էր հայտնել, ասել էր` էս ուր եք ինձ բերել, ինչի համար եք բերել: Զինվորականներն էլ առիթից օգտվելով թրթուրավոր տրակտոր էին ուզել նոր բացված դիրքերի համար, խոստացել էր, օգնականի համար տվել, բայց զինվորականների ասելով չեն կարողանում կապ հաստատել, տրակտորի ճակատագրից հարցնել էլի, թե ինչ եղավ»,- ասաց Զաքարյանը:
Անդրադառնալով իրենց տները կորցրած քաղաքացիներին տրվող փոխհատուցմանը, Մեղրիի քաղաքապետը ասաց, որ իր կարծիքով դա համարժեք փոխհատուցում չէ:
«Հասկանում ենք, որ բյուջեի վիճակը լավ չէ, բայց երկրի պաշտպանությունը չիրականացնելու պատճառով մարդիկ իրենց տունն են կորցրել սեփականության վկայականները ձեռքներին, եւ իրենց սեփականությունը Սահմանադրությամբ է արմագրված, որ անձեռնմխելի է եւ եթե պետությունը չի կարողացել ապահովել, փոխհատուցումն էլ պետք է լինի համարժեք, նրանց ունեցվածքին համարժեք ունեցվածք: Բայց ամենացավալին այն է, որ այս ցավալի զիջումների մասին մեր բնակիչները տեղեկանում են ադրբեջանցի զինվորականներից, այնինչ պետությունը պետք է տեղեկացներ: Այսինքն սա արդեն խոսում է պետության բացակայության մասին: Փոխանակ քաղաքացու անվտանգությունն ապահովեն, խոսում են հպարտ քաղաքացու, այսինքն քաղաքացու հոգեվիճակի մասին, ի՞նչ հպարտ քաղաքացի, եթե այդ քաղաքացու ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ:
Այս աշխատանքային խմբի ստեղծման որշումից հետո, աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով, հունվարի 21-ին Սյունիքի մարզ էր մեկնել վարչապետի հայտնի կալավանցի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, որը մինչև փետրվարի 15-ը ներառյալ այնտեղ գործունեություն է ծավալելու: Հունվարի 29-ին էլ Սյունիք էր մեկնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Մինչ այս՝ 2020թ․ դեկտեմբերի 1-4-ը Սյունիք էր գործուղվել ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը։
Նշենք, որ այցից հետո Ավինյանը հայտնել է՝ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն, բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։