Էջմիածնի ոստիկանների կողմից իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում բերման ենթարկված օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների ինքնությունը պարզվել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների կողմից Էջմիածնում իրականացված «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք-տաք վնասազերծում» օպերացիայի արդյունքում Էջմիածին քաղաքում գործող «Անտառային գեղեցկուհի» ռեստորանային համալիրի տարածքից բերման ենթարկված անձանց ինքնությունը պարզվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ 46-ամյա Արթուր Առաքելյանը, 46-ամյա Արսեն Առաքելյանը, 31-ամյա Էդուարդ Դանիելյանը, 42-ամյա Ժիրայր Բրուտյանը, ով օրենքով գող «Շահումյանից Ժիրո»-ն է, 32-ամյա Արամայիս Միրզոյանը, 30-ամյա Մարտուն Միքայելյանը, 42-ամյա Հայրապետ Կարապետյանը, 53-ամյա Անդրանիկ Սողոյանը, ով օրենքով գող «Զապ»-ն է, 43-ամյա Հայկազ Գալաջյանը, 41-ամյա Շալիկո Մանուչարյանը, 42-ամյա Հայկ Հարությունյանը, 49-ամյա Կարեն Հարությունյանը, 31-ամյա Սիմակ Գոգչյանը, 40-ամյա Ռուբեն Հովակիմյանը և 41-ամյա Զոհրաբ Բաղդասարյանը: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել Lexus մակնիշի P 743 OH 750 RUS համարանիշի, Porsche Panamera մակնիշի 36 CV 660 համարանիշի, BMW մակնիշի 35 ZR 268 համարանիշի, Toyota Land Cruiser մակնիշի 37 AQ 176 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 88 OP 088 համարանիշի ավտոմեքենաները:
Անձնական խուզարկությամբ Հ. Կարապետյանի տաբատի աջ գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ՝ գաղտնի փականով, իսկ Մ.Միքայելյանի գոտկատեղի հատվածում ամրացված վիճակում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որոնք վերցվել և փաթեթավորվել են: Նշված բոլոր անձինք բաց են թողնվել: Նշանակվել են դատաքրեագիտական փորձաքննություններ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածին քաղաքում իրականացրել էին «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք-տաք վնասազերծում» օպերացիան:
Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային գեղեցկուհի» ռեստորանային համալիրի տարածքից ոստիկանության Վաղարաշապատի բաժին էին բերման ենթարկել թվով 15 անձի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը օրենքով գողեր էին. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են: Նրանք եղել են Lexus մակնիշի ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser, Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: