Եթե կա ցավ, ուրեմն կա խնդիր, որ բուժման կարիք ունի. Աշոտ Սոֆյան
Մենք հաճախ անտեսում ենք մեր առողջական խնդիրները, ականջ չենք դնում մեր օրգանիզմի ուղարկած ահազանգերին, դիմանում ենք ցավին, ամեն կերպ հետաձգում բժշկին այցելելը և մի պատահական օր նրա մոտ հայտնվում արդեն շտապ կարգով ավելի բարդացած վիճակում։«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է «Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Սերգեյի Սոֆյանի հետ օրթոպեդիկ խնդիրների՝ այդ թվում արթրոզների, օստեոպորոզի, օստեոխոնդրոզի մասին։
«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի իրականացնում է սպորտային, կենցաղային, ավտովթարի հետևանքով առաջացած կոտրվածքների, հոդախախտերի (խոշոր հոդեր,վերին և ստորին ծայրանդամների հոդեր) կոնսերվատիվ և վիրահատական բուժում։ Վիրահատական միջամտությունները՝ օսթեոսինթեզ, արթրոսկոպիա, խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում, իրականացվում են նորագույն տեխնոլոգիաներով ու մեթոդներով: Բարձր արդյունավետությամբ բուժվում են արթրոզները, արթրիտները, օսթեոպորոզները, օսթեոխոնդրոզները, հոդախախտերը, հետտրավմատիկ բարդությունները (օստեոմիելիտ, չսերտաճող կատարվում), կատարվում է նաև ոտնաթաթի դեֆորմացիաների և կեցվածքի շտկում:
Բավական հաճախ այս բաժանմունք դիմում են արթրոզ-արթրիտ ունեցող պացիենտները։ Այս հիվանդությունն արտահայտվում է ծնկան շարունակական ցավով։ «Ցավի պատճառը հոդերում տեղի ունեցող դեգեներատիվ փոփոխություններն են՝ աճառային շերտի մաշումը և բորբոքումը: Ի դեպ ցավն այնքան ուժեղ է լինում, որ խանգարում է անգամ քայլել։ Եթե վիրահատության ցուցում չկա (ներհոդային կոտրվածք առկա չէ), մենք կատարում ենք համալիր կոնսերվատիվ բուժում, որը կանգնեցնում է հոդաճառի քայքայման պրոցեսը և պահպանում այն այդ վիճակում։ Անհնար է մեկ այցով ու մեկ ներարկումով հաղթահարել տարիների ընթացքում կուտակված խնդիրներ։ Ներարկումները համադրվում են դեղորայքային բուժմամբ, սննդակարգի նշանակմամբ, քաշի վերահսկմամբ, մարզումներով, անհրաժեշտության դեպքում ֆիզիոթերապիայով: Բուժման կուրսը, կախված հիվանդության բարդությունից, կարող է տևել 2- 4 շաբաթ: Կատարվում է նաև արթրոսկոպիա՝ էնդոսկոպիկ միջամտություն, որի ժամանակ կատարվում են ներհոդային մանիպուլիացիաներ, աճառների մաքրում, մահիկների հեռացում և այլն: Իսկ եթե ուշ են դիմում, երկար դիմանում ցավին, տուժում է հոդի շարժողունակությունը, պարզապես չեն կարողանում ոտքը շարժել, և միակ փրկությունը դառնում է էնդոպրոթեզավորումը»,- պարզաբանում է «Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Սերգեյի Սոֆյանը։ Բազմամյա փորձ ունեցող բժիշկը փաստում է, որ մարդիկ ավելի հաճախ ուշ են դիմում, որովհետև չեն սիրում բժշկի դիմել, պատրաստ է օգտագործել տարբեր քսուքներ, ժողովրդական միջոցներ, բայց բժշկի չդիմել․ «Հիշեք՝ եթե հոդում այդ պրոցեսը սկսվել է այն անդառնալի հետևանքներ է թողնում: Որքան վաղ սկսեք կոնսերվատիվ բուժումը և կանգնեցնեք պրոցեսը, այնքան երկար կպահպանեք հոդը և կհետաձգեք էնդոպրոթեզավորման անհրաժեշտությունը»:
Բժիշկ Սոֆյանի ղեկավարած բաժանմունք հաճախ դիմում են նաև օստեոպորոզ ունեցող պացիենտներ։ Օստեոպորոզը սիրտանոթային հիվանդություններից հետո առողջապահական խնդիրների շարքում գրավում է 2-րդ տեղը: Այն քրոնիկ զարգացող համակարգային հիվանդություն է, առավելապես ի հայտ է գալիս 50-55 տարեկանից հետո և ավելի հաճախ արտահայտվում է կանանց օրգանիզմում կլիմաքսից հետո: Օստեոպորոզի ժամանակ խանգարվում է ոսկրային զանգվածի նյութափոխանակությունը, ոսկրերը չեն ստանում համապատասխան քանակությամբ կալցիում, ոսկրային զանգվածը արդյունքում չի ամրանում և սկսում է քայքայվել՝ դառնալով փխրուն ու ցանցկեն: Օստեոպորոզի վտանգավորությունն այն է, որ չունի բնորոշ ախտանշաններ, որոնք կվկայեին պրոցեսի մեկնարկի մասին: Այն սովորաբար բացահայտվում է միայն տարբեր հատվածներում (հաճախ ազդրի, ողնաշարի) կոտրվածքի դեպքում։ Ցավոք, հենց կոտրվածքն էլ դառնում է վնասվածքաբան-օրթոպեդի դիմելու հիմնական պատճառ, ինչն արդեն բավական ուշացած փուլ է:
Եթե օստեոպարոզի դեպքում հիվանդությունը զարգանում է առանց ախտանշանների, ապա մյուս խնդիրը՝ օստեոխոնդրոզը, արտահայտվում է ցավով մեջքի շրջանում։ Այս հիվանդության ժամանակ միջողային սկավառակներում, հարակից հոդային մակերեսներին և ողնաշարի կապանային համակարգում: Միջողային աճառները բարակում են, ձևախախտվում, սեղմում նյարդերին: «Կարելի է ասել այն դարի խնդիր է ու հանդիպում է երկրի բնակչության 80 տոկոսի մոտ և գլխավոր պատճառներն են կա՛մ նստակյաց կյանքը, կա՛մ ծանր ֆիզիկական աշխատանքը: Օստեոխոնդրոզի առաջացման պատճառներ կարող են լինել նաև նյութափոխանակության խանգարումները, ինֆեկցիոն հիվանդությունները, ողնաշարի վնասվածքները և անխուսափելի գենետիկ նախատրամադրվածությունը: Իհարկե, օստեոխոնդրոզի, ինչպես ոսկրային համակարգի հիվանդությունների մեծ մասի դեպքում վերջնական բուժումն անհնար է, որովհետև ոսկրերում կատարվում են անդառնալի փոփոխություններ: Բուժումների նպատակը դառնում է հիվանդության ընթացքը կանգնեցնելն ու ախտանշանները մեղմացնելը: Հիմնական բուժումը ներարկումներն են, որոնք զուգակցվում են, հանգստի ու աշխատանքային հիգիենայով (երկար, անհարմար դիրքով չնստել), ֆիզիկական վարժություններով»:
«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք շտապ կարգով դիմում են նաև բաց ու փակ կոտրվածքներով։ Բաց կոտրվածքները ֆիքսում ենք արտաքին ֆիքսացիայի ապարատներով (Իլիզարովի, Հոֆմանի, ԱՕ) ։ Իսկ փակ կոտրվածքները կարող են լինել ջնջխված, փշրված ոսկրեր ։ Փակ կոտրվածքները հետազոտվում են ԷՕՓ (էլեկտրաօպտիկական փոխարկման) ռենտգեն սարքով, որի շնորհիվ կարողանում են կատարել ոսկրերի ճիշտ համադրում: Դրանից հետո էլ իրականացվում է օստեոսինթեզ՝ մետաղական կոնստրուկցիաներով ֆիքսում։ Այս բաժանմունքը եզակի է նաև նրանով, որ մասնագիտացած է հետվնասվածքային բարդությունների բուժման մեջ։ Պատահում է, որ կոտրվածքը չի սերտաճում կամ սերտաճած ոսկրի շուրջ սկսում է զարգանալ օստեոմիելիտ՝ ոսկորի բորբոքում ու քայքայում: «Հետվնասվածքային բարդությունների պատճառները տարբեր են. օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված դեֆիցիտ, ոսկրաբեկորներիմիջևմկանկամայլ հյուսվածք, ոսկորիմեծհատվածիկորուստ, ոսկրաբեկորներիարյան մատակարարմանխանգարումներ և այլն: Դրանք խանգարում են, որ ստեղծվի ոսկրակոշտուկ, արդյունքում առաջանում է կեղծ հոդ, որի շուրջ ցավ է զգացվում, խախտվում է վերջույթի ֆունկցիան, շարժումները դառնում են ոչ բնական: Բուժումը միայն վիրահատական է: Ֆիքսում ենք ոսկրաբեկորները ու փոխպատվաստում է կատարվում պացիենտի կոնքոսկրից կամ նման օտար մարմնով»:
Ցանկացած խնդիր, որով դիմում են այս բաժանմունք, լուծվում է արդիական արդյունավետ մեթոդներով, որոնք զուգակցվում են բաժանմունքի փորձառու մասնագետների հմտության հետ։ Մասնագետներ, որոնք առաջնորդվում են հետևյալ սկզբունքով․ «Լավ բժիշկ լինելու համար պետք է մարդկայնորեն հասկանալ հիվանդին, նրա վիճակը: Դա բուժման կեսն է: Եվ իհարկե քո գիտելիքների, փորձի ու հմտությունների ներդրմամբ նրան օգնես՝ անելով առավելագույնը»: