Ինչո՞ւ պատկան մարմիններին չի հետաքրքրում Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կասկածահարույց ունեցվածքը
Նախորդ տարվա մարտին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը հանրային պաշտոնյաների ունեցվածքին վերաբերող հրապարակումների շրջանակում Hetq.am-ում հրապարակել էր գործող պաշտոնյաների ունեցվածքին վերաբերող մի շարք հոդվածներ, որոնք բացահայտում են կոռուպցիոն արարքներ պարունակող կասկածելի դեպքեր։
2021թ. գործող պաշտոնյաներից անդրադարձ էր կատարվել այդ ժամանակ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի նորանշանակ տեղակալ Արա Եղոյանի և նրա կնոջ ունեցվածքի վերաբերյալ:
Արա Եղոյանը, հիշեցնենք, պետական համակարգում է աշխատում՝ սկսած 1999թ.-ից, և ըստ կայքի՝ տիրապետում է զգալի գույքի և դրամական միջոցների:
«Հետքի» հետաքննությունը բացահայտել էր, որ Արա Եղոյանը, նախկինում չունենալով հայտարարագրված անշարժ գույք, արդեն 2019թ., ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետի պաշտոնը թողնելիս, հայտարարագրել է երեք անշարժ գույք և ունեցել դրամական միջոցների էական աճ, այն դեպքում, երբ եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը։
Ավելին՝ մոտ 43․000 դրամ աշխատավարձ ունեցող կինը հայտարարագրել էր հսկայական դրամական միջոցներ և անշարժ գույքեր, այդ թվում՝ հասարակական նշանակության շինություններ:
Պաշտոնը ստանձնելու առթիվ իր ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Արա Եղոյանը համատեղ սեփականության իրավունքով ունի 4 միավոր անշարժ գույք՝ առանձնատուն և հողամաս Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, բնակարան և ավտոտնակ՝ Արաբկիրում:
2019-2020թթ.-ին Եղոյանը գնել է երկու ավտոմեքենա՝ 2015թ. արտադրության HONDA և 2007թ. արտադրության TOYOTA:
Փետրվարի 5-ի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ, 40 հազար դոլար և 25 հազար եվրո կանխիկ գումար: Եվ սա դեռ ամենը չէ…
Թեև հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) պարտավոր էր իրականացնել հայտարարագրերի վերլուծություն, պարզվում է, որ Հանձնաժողովը չի վերլուծել Արա Եղոյանի հայտարարագիրը։
Ավելին, անգործության է մատնված նաև Հակակոռուպցիոն կոմիտեն, այն դեպքում, երբ առկա են հիմնավոր կասկածներ, որ Արա Եղոյանի և նրա կնոջ գույքերի ավելացումը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով։
168.am–ին կոռուպցիա բացահայտող այդ կառույցից պատասխանեցին, որ Արա Եղոյանի վերաբերյալ վարույթ չունեն:
Այսինքն՝ առկա է ապօրինի հարստանալու առերևույթ հանցակազմ։
2022 թվականի ապրիլի՝ լրագրողական հարցմանը ի պատասխան՝ Հանձնաժողովը տեղեկացրել է, որ առաջիկա նիստի ընթացքում կքննարկի հայտարարագիրը վերլուծելու հարցը։ Առ այսօր արձագանք չկա։
Որևէ հետաքրքրություն չի նկատվել նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից:
Այս ակնհայտ անգործության մեջ դժվար է չնկատել նշված պաշտոնյային հովանավորելու շահագրգռվածությունը:
Արա Եղոյանը, ըստ 168.am-ի տեղեկությունների, առողջապահության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի մտերմագույն շրջապատից է, և հավանաբար հենց դրանով է պայմանավորված պատկան մարմինների անթաքույց «անհետաքրքրությունն» Արա Եղոյանի ունեցվածքի շուրջ:
Արա Եղոյանի աշխատանքային կենսագրության հպանցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ նա նախկինում ՊԵԿ-ում և ոչ միայն այնտեղ զբաղեցրել է բավականին լուրջ պաշտոններ, անգամ մականուն է ունեցել՝ «Մանրադրամ կեղեքող» (Առավել իրազեկները կարող են այստեղ պատկերացնել իրական, ժարգոնային ձևակերպումը):
Նախկինում, մեզ հասած տեղեկություններով, ՊԵԿ-ում նրան հովանավորել է նախկին իշխանությունների օրոք ՊԵԿ օպերատիվ-հետախուզական միջոցառումների վարչության պետ Կարեն Կարապետյանը: Բայց փոխվեցին իշխանությունները, և Արա Եղոյանի՝ նոր տերերի փնտրտուքը նրան տարավ դեպի ՔՊ-ական կարկառուն գործիչներ:
Դրա արդյունքում նախկինում Արա Եղոյանն իր գլխավերևում կախում էր 3-րդ նախագահի նկարը, այժմ՝ Նիկոլ Փաշինյանի:
168.am-ն ավելի վաղ գրել էր, որ ՊՎԾ պետի տեղակալ Արա Եղոյանի աշխատասենյակում՝ ուղիղ վերջինիս գլխավերևում, կախված է Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը: Ինքը լուսանկարվել էր այդ ֆոնին, նկարը տեղադրել սոցցանցի իր էջում: Այդ լուսանկարը ՊՎԾ մեկ այլ աշխատակցի՝ Հայկ Նազարյանին, այնքան էր ոգևորել, որ վերջինս Արա Եղոյանի լուսանկարը տեղադրել է իր էջում ու մի ձոն նվիրել դրան:
Ի դեպ, մեզ ասացին՝ ՊՎԾ պետի բոլոր տեղակալներից միայն Եղոյանի գլխավերևում է կախված Նիկոլ Փաշինյանի նկարը:
Փաստացի Նիկոլ Փաշինյանի հույսը ճամբարափոխ աճպարարներն են, իրենց պատկերացրած բարեփոխումներն իրականացնողները՝ նույնպես: