Պուտինը ժամանել է Ղազախստան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել է Ղազախստան։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Պուտինին Աստանայում հագեցած աշխատանքային ծրագիր է սպասվում: «Աքորդա» պետական նստավայրում նա կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ․ նեղ և ընդլայնված կազմով բանակցություններից հետո նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ օրակարգում կլինեն երկկողմ համագործակցության հեռանկարները և հրատապ միջազգային խնդիրներ։
Հանդիպման արդյունքների վերաբերյալ ղեկավարները հանդես կգան զանգվածային լրատվամիջոցների համար հայտարարություններով։
Ծրագրի առանձին կետ է Պուտինի և Տոկաևի մասնակցությունը Ռուսաստանի և Ղազախստանի Միջտարածաշրջանային համագործակցության XIX համաժողովի լիագումար նիստին, որին նրանք կմասնակցեն տեսակոնֆերանս-կապի միջոցով: Բուն համաժողովը կանցկացվի Կոստանա քաղաքում։ Համաժողովի թեման է՝ «Գյուղատնտեսությունն ուժեղ տնտեսության հիմքն է»։
Բացի այդ, Տոկաևը Ռուսաստանի ղեկավարի պատվին կանցկացնի պաշտոնական ընդունելություն։
Նախագահների միջև հանդիպումն այս տարի արդեն հինգերորդն է․ նրանք նաև պարբերաբար շփվում են հեռախոսով:
Օրեր առաջ Ղազախստան էր այցելել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։