100․000 դրամ միանվագ վճարումների մասին. Նաիրի Հոխիկյան
Սիրելի Արցախցիներ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նոյեմբերի 16-ին պաշտոնական գրություն էի ուղարկել տեղահանվածներին հասանելիք 100․000 ՀՀ դրամ միանվագ օգնության խնդիրների հետ կապված։ Մասնավորապես, օնլայն հայտերը լրացնելիս համակարգը հաճախ պատասխանում է, որ տվյալները մշակման փուլում են, և դա ձգվում է տևական ժամանակ։ Մի քանի տասնյակ ընտանիքներ դեռեւս չեն ստացել գումարը։ Նախարարությանը խնդրել եմ հստակ պատասխանել, թե ինչպես են լուծվում 100․000 դրամ աջակցության համակարգի տեխնիկական կամ այլ խնդիրները, Արցախի քաղաքացիները ե՞րբ և ինչպե՞ս կարող են ստանալ 100.000 ՀՀ դրամի միանվագ աջակցության իրենց հասանելի գումարները։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեկտեմբերի 8-ի պաշտոնական պատասխանում նշված է, որ արդեն 109,395 անձի վճարվել է գումարը, բայց դեռևս կան անձինք, որոնց վճարվելու է միանվագ դրամական սոցիալական աջակցություն:
Նախարարությունը միաժամանակ դեկտեմբերի 8-ի պատասխանում տեղեկացնում է, որ եթե որոշ մարդկանց տվյալներ չեն ներառվել վճարման ցուցակ, ապա անձը կարող է գրավոր դիմել Միասնական սոցիալական ծառայություն մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ:
Քանի որ ՀՀ կառավարության որոշումները հետին ամսաթվով են կյանքի կոչվում, դիմում եմ Արցախից ժամանակավոր տեղահանված մեր այն հայրենակիցներին, որոնք դեռևս չեն ստացել 100․000 դրամի միանվագ աջակցությունը։ Խնդրում եմ, այս հրապարակման մեկնաբանության բաժնում գրեք, թե ինչ պատճառաբանությամբ են ձեզ մերժել։ Անպայման նշեք ձեր տվյալները՝ անուն ազգանունով։ Վստահ եմ՝ Սոցապնախարարության համապատասխան պաշտոնյաները կարդում են։