Որդուն փնտրում էր գերիների ցուցակում․ Պապ Այվազյանից 3 տարի լուր չկա
3 օր առաջ երբ հայտնի դարձավ Ադրբեջանից 32 հայ գերիների վերադարձի լուրը, մամուլում արագ տարածվեց նրանց անուն ազգանունները։ Չնայած Հայաստանին արտահանձնելու մասին որևէ լուր առայժմ չկա, բայց վերջիններիս ընտանիքներն ասում են՝ «3 տարի սպասել ենք, մի քանի օրն ի՞նչ է, որ չսպասենք, եթե արդեն հրապարակել են, ուրեմն կգան»։
2020 թվականի 44-օրյա պատերազմից առ այսօր ոչ մի լուր չկա զինծառայող Պապ Այվազյանի մասին։ Հայրը՝ Գարիկ Այվազյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ դողացող սրտով է կարդացել նրանց անունները։ Ցավոք, որդու անունը վերջին ցուցակում էլ չի եղել։ «Բարով են վերադառնում մեր թանկ բալեքը, նրանց տանջալի կարոտը շուտով կփարատվի։ Գիտեի, որ 32-ն են գալու, բայց անկախ ինձնից 33-րդն էի փնտրում։ Գուցե Աստված մի հրաշք էլ մեզ համար կանի»,- ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։
Պապ Այվազյանը նախքան պատերազմը ծառայում էր Դրմբոնի դեսանտագրոհային հատուկ նշանակության գնդում։ Հայրը պատմում է, որ սեպտեմբերի 27-ին, տագնապով բարձրացել են Մատաղիս-Թալիշ ուղղություն, որտեղ հայրենիքի պաշտպանության համար ծանր մարտեր էին ընթանում։
«Իմ ունեցած տեղեկություններով որդիս այդտեղ վիրավորում է ստացել, իջեցրել են դիրքերից, թողել կես ճանապարհին ու հեռացել»,- ասում է նա։
Պապի ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղից են։ Նա Այվազյան ամուսինների միակ որդին էր։ Պատերազմում որդու անհետ կորելուց հետո ընտանիքում կյանքը կանգ էր առել, մինչև այն պահը, երբ Գարիկն ու կինը՝ Նարինեն, վճռական որոշում են կայացրել երեխա ունենալ։ Հիմա փոքր Պապը մեկուկես տարեկան է։
«Անասելի երջանկություն է բերել տղաս, նրա մեջ մեծ որդուս եմ փնտրում»,- ասում է հայրը՝ երբեք հույսը չկորցնելով, որ զինծառայող որդին մի օր հրաշքով տուն է դառնալու։
2001 թվականի օգոստոսի 19-ին Գարիկ Այվազյանը ենթարկվել է ավտովթարի, ինչի պատճառով մինչ օրս գամված է անվասայլակին։ Դեպքից մեկ օր անց ծնվել է փոքրը։
«Ավագ Պապիս մեծ դժվարությամբ եմ մեծացրել, բայց ոչնչի պակաս չի ունեցել։ Տվել եմ ուսման, սովորել ու ավարտել է Գյումրու իմպոռիթմ արվեստի ակադեմիան, ժողովրդական երգի բաժինը և մեկնել ծառայության»։
Պապ Այվազյանն ընտրյալ ուներ։ Որոշել էր ծառայությունից հետո սիրելիի հետ օրինականացնել հարաբարությունները, ամուսնանալ։ Պատերազմն ընդհատեց երազանքները։ Պապի սիրելին, մինչ այսօր էլ ընտանիքի հետ կապը չի ընդհատում։
Գարիկը վշտանում է․ մինչ օրս անհայտ բացակայող զինվորներին գտնելու համար պետությունը որևէ քայլ չի անում։ «Գոնե հինգ հոգուց բաղկացած հանձնաժողով ստեղծեն, որ կզբաղվի անհայտ բացակայողների որոնողական աշխատանքներով։ Վերջապես կա՞ այս պետության մեջ մի պաշտոնական անձ, որ հանդիպի ծնողին և ասի՝ «հերիք է հարգելի՛ ծնող, հիմա էլ ես կզբաղվեմ քո որդուն որոնելով, և կփորձեմ գտնել կենդանի՞, թե՞ մահացած»»,- ասաց նա։
Հունան Թադևոսյան