Թուրքիան լրջորեն պատրաստվում է ուժեղ երկրաշարժի
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Ստամբուլի բնակարանային ֆոնդի լայնածավալ վերանորոգման մասին, որը նախատեսված է 2024 թվականին։ Երկրի էկոլոգիայի և քաղաքաշինության նախարարության ղեկավար Մեհմեթ Օզհասեքին ընդգծել է, որ նոր բնակարանները կհամապատասխանեն սեյսմակայուն բոլոր չափանիշներին՝ ուժեղ երկրաշարժերին դիմակայելու համար։ Այս մասին թուրք նախարարը հայտարարել է TV100-ին տված հարցազրույցում։
Սեյսմոլոգները բազմիցս զգուշացրել են Ստամբուլի տարածքում 7 բալից բարձր ուժգնությամբ հզոր երկրաշարժի վտանգի մասին։ Նման երկրաշարժի դեպքում կանխատեսվում է մոտ 90 հազար շենքի փլուզում և 260 հազար բնակելի շենքի վնասում, ինչը կարող է անօթևան թողնել շուրջ 4,5 միլիոն քաղաքացու։
«Չեմ ուզում ոչ մեկին վախեցնել, բայց պետք է ասել ճշմարտությունը. Ստամբուլում հնարավոր ուժեղ երկրաշարժը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ողջ Թուրքիայի համար: Ստամբուլում կա մոտ 6 միլիոն տուն, մոտ 600 հազարում բնակվելը համարվում է ռիսկային, ուստի մեզ անհրաժեշտ է վերաբնակեցման ծրագիր»,- ասել է Օզհասեքին:
Նա խոստացել է 10 օրվա ընթացքում հաստատման ներկայացնել նախագծի ծրագիրը, որպեսզի հաջորդ տարվա սկզբին կառավարությունը սկսի դրա իրականացումը։