Վրացական ընդդիմության հակահայ դրսևորումները
Մինչ հայաստանյան որոշ, հատկապես իշխանական և արևմտամետ, շրջանակներ Վրաստանում կատարվող իրադարձություններում աջակցում են ընդդիմությանը, Վրաստանի գործող նախագահը հերթական հակահայկական հայտարարությունն է անում։ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ իշխող կուսակցությանը մեղադրում է ռուսական մեթոդների և ձևերի կիրառման, այսպես կոչված «ռուսական ոճով հատուկ գործողություն» պլանավորելու, ինչպես նաև այս գործընթացում ՌԴ ԱԴԾ-ի հնարավոր օգնության մեջ։ Նախագահը հայկական կարուսելն անվանել է «կեղծիքի բարդ մեթոդներից»։
««Հայկական կարուսել»՝ մենք այստեղ ասում ենք «հայկական կարուսել», չգիտեմ՝ իրենք «վրացական կարուսել» են ասում։ Սա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ նրանք սկսել են սոցիալապես անապահով մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից տարբեր պատրվակներով անձը հաստատող փաստաթղթերը խլել, ոչ ոք չէր հասկանում, թե ինչու են նրանք այդպես անում։ Փաստորեն, անձը հաստատող վկայականներն օգտագործվել են նույն անձի կողմից քվեարկելու համար։ Օգտագործելով մեկ ID քարտ և տարբեր էլեկտրոնային սարքեր՝ դա հնարավոր է եղել անել մոտավորապես 17 անգամ։ Նրանք ունեին մեծ թվով նույնականացման քարտեր կամ համարներ»,- հայտարարել է երկրի նախագահը։
Վրաստանում հակահայկական տրամադրություններ միշտ էլ եղել են, բայց Զուրաբիշվիլիի այս հայտարարությունը հերթական յուղն է լցնում կրակին։ Իբր արևմտամետ և կիրթ նախագահն իր իսկ երկրում սրում է ազգային փոքրամասնությունների դեմ ատելությունը, ըստ ամենայնի, գիտակցված։ Բանն այն է, որ հայաշատ Ջավախքում իշխող «Վրացական երազանքը» ամենաբարձր քվեներն է ստացել՝ մոտ 87-88 տոկոս, և ընդդիմադիր ուժերն այս հանգամանքն օգտագործելու են ազգային փոքրամասնությունների դեմ։
Կպատասխանե՞ն արդյոք ՀՀ իշխանությունները, բարդ է ասել։ Իսկ Փաշինյանի գրպանի արևմտամետները շարունակելու են չտեսնելու տալ նման արատավոր երևույթները։
Անի Եփրեմյան