Դատարանը հրապարակում է Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդության մասին որոշումը (ուղիղ)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ քիչ անց հրապարակելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդության որոշումը։
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ սույն գործով նախաքննությունն ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլեւ ինքն է թույլ տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ։
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։
Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Հիշեցնենք, որ դատավարության մեկնարկի օրը երրորդ նախագահը բարձրախոսով շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին՝ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին դատարանի բակում հավաքվելու համար։
Սերժ Սարգսյանը խոսել էր նաեւ Արցախի հարցի վերաբերյալ եւ շեշտել, որ Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու։
Հավելենք, որ Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է, եւ, որ մեղադրանքի հիմքում ընկած է քաղաքական հետապնդումը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։ Այնուամենայնիվ, մեղադրող դատախազը առարկել էր պաշտպանի այն հայտարարությանը, թե մեղադրանքի հիմքում մեկ ցուցմունք է։
Դատավարության մեկնարկի օրը ՀՀԿ–ն տարածել էր հայտարարություն, ըստ որի, գործն ուղղորդված է եւ պատվիրված, ունի քաղաքական շարժառիթներ, ինչի մասին վկայում է այն, որ գործը հարուցվել է «կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա»։
Հայտարարությունում նաեւ ասվում էր, որ նման քայլերով իշխանությունները նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին եւ արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից. «Հատկանշական է, որ այս դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային եւ դիվանագիտական գործունեության ֆոնին՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված համատեքստում»:
Նշենք, որ դատավարությանը զուգահեռ ինչպես երեկ, այնպես էլ այսօր, հավաքված են երրորդ նախագահին աջակցող քաղաքացիներ, ՀՀԿ անդամներ։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը