ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Կանադայի Տորոնտո քաղաքում մարտի 1–4-ը կայացել է PDAC 2026 միջազգային համաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը և Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։
Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել Ղազախստանի պատվիրակության, ինչպես նաև կանադական Mining Association of Canada (MAC) կազմակերպության հետ։
Հանդիպումների շարքում առանձնահատուկ կարևորություն է ունեցել Հայաստանի պատվիրակության հանդիպումը Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիայի ներկայացուցչի հետ։ Քննարկման ընթացքում ձեռք է բերվել որոշակի պայմանավորվածություն` հետագա համագործակցության զարգացման վերաբերյալ։
Քննարկումների շրջանակում Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի գործունեությունը և Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի զարգացման առաջնահերթությունները։ Նա նաև Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիայի ավագ փոխնախագահ Բեն Չալմերսի հետ քննարկել է հնարավոր համագործակցության, ինչպես նաև MAC կազմակերպությանը ՀՀՄԱ-ի անդամակցության հեռանկարները։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կանադայում կիրառվող Towards Sustainable Mining (TSM) պատասխանատու հանքարդյունաբերության չափորոշիչներին և Հայաստանում դրանց հնարավոր ներդրմանը։ MAC-ի ավագ փոխնախագահ Չալմերսը խոսել է «Towards Sustainable Mining» նախաձեռնության կարևորության մասին, պատմել, որ այն ստեղծվել է 2004 թվականին Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիայի կողմից և հանդիսանում է պատասխանատու հանքարդյունաբերության կառավարման առաջատար համակարգերից մեկը։
« Ստանդարտների այս համակարգը նպատակ ունի ապահովել հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության բարձր չափանիշներ՝ շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պատասխանատվության, համայնքների հետ հարաբերությունների և կառավարման թափանցիկության ոլորտներում։ Այսօր այն կիրառվում է ոչ միայն Կանադայում, այլև մի շարք այլ երկրներում՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ»,- ընդգծել է Չալմերսը:
Վարդան Ջհանյանը շեշտել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության համար կարևոր նշանակություն ունի միջազգային համագործակցության ընդլայնումը, առաջատար փորձի փոխանակումը և ոլորտի կայուն զարգացման միջազգային չափորոշիչների ներդրումը։ Նրա խոսքով՝ նման գործընկերությունները հնարավորություն են տալիս զարգացնել ոլորտը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ժամանակակից բնապահպանական և կառավարման պահանջներին։
Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, աջակցում է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախաձեռնություններին և ակտիվորեն ներգրավված է ոլորտի զարգացմանն ուղղված միջազգային համագործակցության գործընթացներում։
«Այս համատեքստում PDAC միջազգային համաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը կարևոր հարթակ է հանդիսանում միջազգային գործընկերների հետ կապերի ամրապնդման, նոր համագործակցությունների ձևավորման և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առաջատար փորձի ներգրավման համար», - ամփոփել է Վ. Ջհանյանը:
Հարկ է նշել, որ Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիան (Mining Association of Canada) երկրի խոշորագույն ոլորտային կազմակերպություններից մեկն է, որը միավորում է առաջատար հանքարդյունաբերական ընկերություններին և ձևավորում ոլորտի պատասխանատու զարգացման ռազմավարությունները։ Կազմակերպությունը մեծ դեր ունի միջազգային մակարդակում հանքարդյունաբերության կայուն զարգացման սկզբունքների առաջմղման գործում։




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Պրեմիերա․ Սուպեր Սաքո և Սուրո-«Հասնեմ քեզ»
Սպիտակում «Mercedes» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին
ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Կենսաթոշակը 50%-ով ավելացնելու մեր առաջարկը ռեալ է և հիմնված է հստակ հաշվարկների վրա․ Ցոլակ Ակոպյան
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Քիմ Քարդաշյանը՝ համարձակ բոդիով և փետուրներով. նոր կադրեր Լոս Անջելեսում կատակերգության նկարահանումն...
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը