Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար
Հասարակություն

Լևոնս, տղան՝ խաչը ձեռքում

Դուք նայե՞լ եք որդի կորցրած մոր աչքերի մեջ, դուք տեսե՞լ եք, թե ինչքա՜ն դատարակություն կա նրա աչքերում, տեսե՞լ եք, թե ինչքա՜ն վիշտ կա նրա աչքերի մեջ: Ես նայել եմ ու տեսել եմ, հետևաբար իմ կյանքն այլևս երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին կար:

Զանգակատուն գյուղը, որը հային հայտնի է աշխարհին Պարույր Սևակ տալով, Արցախյան վերջին պատերազմում տվեց երկու հերոս՝ Լևոնին ու Հրաչոյին, ու ստացվել է անպես, որ երկուսն էլ իմ եղբայրներն են:

Լևոնի ծնողներն այն «բախտավորների» (թող պապանձվի լեզուս, թող ներեն ինձ նրա ծնողներն ու ների ինձ Աստված այսպես արտահայտվելու համար) թվում են, որոնց որդիները տուն հասան, թեկուզ՝ վահանի վրա, ինչը, ցավոք, չեմ կարող ասել Հրաչոյիս մասին:

Միասին գնալու ենք Լևոնենց տուն, գնալու ենք զգույշ, որպեսզի չցավեցնենք Լևոնի մոր՝ Ծովիկ մորքուրիս սիրտը:

Լևոնենց տունը գյուղի հենց առաջին տունն է, ճանապարի ձախ կողմում: Լևոնենց տան մոտ էլ էր հայտնվել չարաբաստիկ սև ժապավենը՝ անգույն դարձնելով նրա ծնողների, տատիկի, քույրերի կյանքը:

Միասին մտնենք ներս: Հյուրասենյակի աջ կողմում, բազմոցին նստած կտեսնեք Ծովիկ մորքուրիս, անշարժ նստած, հայացքը միշտ նույն կետին հառած: Կետ, որը դարձել է նրա աշխարհը, որտեղ ամեն ինչ հիշեցնում է Լևոնին:

Ցավոք նման անկյուններ հայտնվեցին շատերի տներում:

Նստենք Ծովիկ մորքուրիս կողքին, լուռ նստենք, ու լուռ լսենք նրա լռությունը: Նա չի խոսում, իսկ քիչ խոսքերն էլ միայն Լևոնի մասին են: Լևոնի, ով մեկն է 5 հազարից, բայց միակը իր մոր համար:

Դուք բռնեք Ծովիկ մորքուրիս ձեռքը, զգացեք նրա սրտի աշխատանքը: Սիրտ, որի տակ 9 ամիս բաբախել է Լևոնի սիրտը, որն այս պահին բաբախում է նաև Լևոնի սրտի փոխարեն:

Դուք նստեք, ես մի քանի րոպեով գնամ դպրոց, որտեղ սովորել է Լևոնը: Արագ գնամ ու գամ, հանկարծ մորաքրոջս միայնակ չթողնեք:

Օրեր առաջ Զանգակատան դպրոցում բացվեց Լևոնի անվան դասարանը: Միջոցառում էին կազմակերպել, որին մասնակցում էին նաև Լևոնի մայրը, հայրը, ծեր տատը, քույրերը:

Սա թերևս ամենաքիչն է, ամենափոքրն է, ինչը կարող են անել յուրաքանչյուր դպրոցում իրենց հերոսի համար:

Հիմա Լևոնը դպրոցում իր անունով դասարան ունի, իսկ դպրոցում սովորողներն ունեն Լևոնին, տղայի, ով հերոս դարձավ, ով օրինակ դարձավ ու օրինակ է դառնալու դպրոցում սովորողների համար:

Օրեր անց այստեղ կհայտնվի նա Հրաչոյի անվան դասարան, բայց նրա տուն մենք կգնանք մի քանի օրից:

Վերադառնանք Ծովիկ մորքուրիս մոտ, նա նույն տեղում նստաած է՝ հայացքը նույն կետին հառած: Մենք պետք է դուրս գանք, մեր գնալու ժամանակն է, բայց պետք է հաճախակի գալ Ծովիկ մորաքրոջս հյուր, նա շատ բան ունի պատմելու իր հերոս որդու մասին, իսկ մինչ նրա պատմությունները կլսենք, մի բան ես կպատմեմ: Երբ պատերազմի օրերին Լևոնին գտան, նրա՝ բռունցք դարձած ափի մեջ խաչ կար: Ինչ խաչ էր, որտեղի էր հայտնվել նրա մոտ, երևի թե կարևոր չէ, կարևորն այն է, որ երկրային կյանքի վերջին օրերին նրա հետ է եղել նրա Աստվածը, ումից հաստատ առողջություն է խնդրել ու համբերություն իր մոր համար:

Դուրս գանք Ծովիկ մորքուրիս մոտից՝ հույս ունենալով, որ մի օր ցավի զգացումը գոնե աննշան իր տեղը կզիջի հպարտության զգացմանը:

Մնացականյան Արթուր

Լևոն Սուրենի Մարտիրոսյանը ծնվել է 1991 թ.​ հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում: 1996թ. ընտանիքը​ վերադարձել է Հայաստան և բնակություն հաստատել Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: 1998-2008թթ.​ սովորել է ՀՀ Արարատի մարզի Զանգակատան միջնակարգ դպրոցում: 2009-2011թթ. հայրենիքի նկատմամբ իր պարտքն է կատարել՝ ծառայելով՝​ ԼՂՀ Մարտակերտի շրջանի N զորամասում:

2012-2016թթ. սովորել և ավարտել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը: 2018 թվականից պայմանագրային զինծառայության էր անցել Զանգակատան N56416 զորամասում՝ որպես վարորդ:

2020թ. հոկտեմբերի 16-ին կամավոր մեկնեց ռազմաճակատ, 4 օր անց՝ հոկտեմբերի 20-ին ընտանիքը լսեց անմահ հերոսի ընկնելու բոթը: Ընկավ հերոսի մահով, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Վիրավորներին դուրս բերեց մարտի դաշտից՝ մոռանալով սեփական կյանքի մասին:

Հերթական անգամ դիրքերում գտնվող զինվորների համար հաց հասցնելու ժամանակ նենգ թշնամու հարվածը հասավ Լևոնի մեքենային, որի արդյունքում մահացու վնասվածքներ ստացավ առյուծասիրտ, քաջ զինվորը:

Ընտանիքիքի միակ արու զավակն էր, ամուսնացած չէր, ուներ երկու քույր։

Լևոն Մարտիրոսյանը հասարակության​ կարգապահ և դաստիարակված անդամ էր, վայելում էր շրջապատի սերն ու հարգանքը: Միշտ պատրաստ էր օգնել հասարակության ցանկացած անդամի՝ անկախ տարիքից և դիրքից:Ազնիվ էր, հայրենասեր, ընկերասեր, ֆիզիկապես առողջ, բարոյապես՝ կայուն: Ժպիտը դեմքից անպակաս էր, համեստության ու բարության մարմնացում էր: Սիրում էր ընտանիքը, ընկերներին, հայրենիքը, որոնց համար չխնայեց ամենաթանկը՝ կյանքը:

ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ​ ԼԵՎՈՆԻՆ

Լևոնն եմ ես, լիալուսնի պես անրջուն ու մաքուր,​

և՛ անխռով, և՛ խռոված ջինջ աչքերով մի աղբյուր,

Որքամ էլ ես հեռո՜ւ լինեմ, մե՛կ է, մահը թյո՛ւր է, թյո՛ւր,

Ներկան եմ միշտ, իսկ բացական՝ ափսոսանքի մի փշուր…

Սուր պահեք ձեր ձեռքում ընդմիշտ, որ չանցնեք,

Ո՜ւր էլ լինեք, խաչը հիշեք ու հայրենին որ չանցնեք,

Րոպեածին հուշը հիշեք, սև էջերը պատմության,

Իրական սերն առ ծնողը, առ արժեքը ինքնության:

Կտակեցե՛ք լավը, բարին, սերն ու վարդը ու անցեք,

Իմն ուրի՜շ էր, սիրելինե՛ր, դուք պինդ կացեք, որ չանցնեք:

Մահն իմացյալ ես գրկեցի ու հերոս եմ, դե՛ տեսեք,

Արծվաթռիչք զոհվածները խղճի սերմ են իմացե՛ք,

Րոպեները մի դար էին. մթին դաժան մարտերում,

Տղաները կռվում էին ու արթնանում երկնքում.

Իրո՞ք​ ծնված ժամանակից մատաղ էինք մենք Աստծուն,

Րոպեում թանկ մեր մայրերը հազար մոմ էին վառում,

Որ մենք ապրենք, իսկ թշնամին ոչնչանա դժոխքում,

Սուրբ հողին տանք մեր արյունը, մասունքները մեր մարմնի,

Յոթնագույն շող, շամանդաղով դառնանք լույսը ձեր աչքի,

Արև դառնանք, կամք աննկուն, ոգեկոչված շարական,​

Նռան գույնն ու մաքառումի ևս մի էջ պատմության: ​ ​ ​ ​ ​ ​

Հեղինակ՝​ ​ Դարիկո Խաչատրյան

 

 

 

 

Ավելին