Աղջոց վանքը փլուզման շեմին է․ հավատացյալները դժվարությամբ են կարողանում այնտեղ այցելել (ֆոտո)
Խոսրովի արգելոցում գտնվող Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքը փլուզվելու շեմին է։ Համալիրը երկրաշարժերի հետեւանքով լրջորեն վնասվել է։ Ավանդության համաձայն՝ IV դարի սկզբին Տրդատ III թագավորի հալածանքներից փախչելով՝ այստեղ է նահատակվել Ստեփանոս քահանան։ Նրա նահատակման վայրում էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հիմնել է կուսանաց վանքը, որից էլ առաջացել է անունը՝ «աղջկոց». կ-ն սղվել է, դարձել է՝ Աղջոց:
Վանքային համալիրը ներկայումս ԿԳՄՍ նախարարության պահպանության տակ գտնվող հուշարձանների ցանկում է։ Ամիսներ շարունակ բազմաթիվ մասնագետներ եւ քաղաքացիներ ահազանգում են, որ 13-րդ դարին կառուցված վանքը քանդվելու եզրին է, սակայն դեռեւս ապարդյուն։
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն ամիսներ առաջ նամակ է հղել այն ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, քանի որ նախարարությունը տարբեր մարզերում իրականացնում է պատմական հուշարձանների նորոգման և վերակառուցման աշխատանքներ։ Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Պետական բյուջեից հավելյալ միջոցներ տրամադրելու դեպքում նախարարությունը կդիտարկի նշյալ հուշարձանի վերականգնման հարցն ընդգրկելու միջնաժամկետ ծախսային ծրագրում: Նախարարության առաջարկն է եղել հարցը քննարկել նաև համայնքային իշխանությունների հետ՝ համաձայն համապատասխան օրենքի։ Խնդիրը հանձնվել է նաև Արտաշատի համայնքապետարանի ուշադրությանը։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարծիքով՝ Համայնքապետարանը թերևս կարողանա որոշ չափով աջակցել, սակայն դժվար է ակնկալել, որ համայնքային միջոցներով հնարավոր կլինի կազմակերպել վանքի նորոգությունը։ Հիմնական ակնկալիքը ԿԳՄՍ նախարարությունից է, որի ենթակայության տակ է սրբավայրը։
«Դեռեւս կանգուն է վանքը, բայց չգիտենք՝ որքան կդիմադրի, ժամանակը, բնությունը, կլիման, ամեն ինչ կարող է ազդել։ Սա բացառիկ ճարտարապետական կոթող է, մեր զարդերից, գոհարներից մեկը՝ իր քանդակներով, կառույցով, պատմությամբ։ Շատ հզոր մշակությային ժառանգություն ունի, բայց անտեսված է։ Եթե վանքը վերականգնվի, բացի իր բուն՝ հոգևոր նշանակությունից, կարևոր դեր կունենա նաև էկոտուրիզմի զարգացման մեջ, կնպաստի տվյալ տարածաշրջանի զարգացմանը. այն կսկսի ապրել և շնչել։ Վանքի վերազարթոնքը հավելյալ ռեսուրս է հարակից գյուղերի զարգացման համար»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։
Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով՝ հոգեւոր շատ կոթողներ են ԿԳՄՍ հոգածության տակ, սակայն Մայր Աթոռը դիմում է՝ դրանք իր ենթակայության տակ առնելու համար, բայց գործընթացը շատ ժամանակատար է, հնարավոր է վանքը չհասցնեն փրկել։
«Վանքի վերականգնման ծախեսրը դեռևս պետք է հաշվարկել։ Հիմնական քարերը պահպանված են, նախկին տարիներին անգամ վերականգնման նախագծեր են մշակվել։ Բացառիկ ժառանգություն ունի Խոսրովի արգելոցը, այստեղ է նաեւ Բայբուրդի եկեղեցական համալիրը եւ Հավուց Թառի վանքը, ուղղակի պետք է գումար ներդնել, եւ այս տարածաշրջանը կծաղկի»,- ընդգծեց եպիսկոպոսը։
Վանքում հոգեւորականներ չկան, հավատացյալները, չնայած ցանկությանը, հազվադեպ են այցելում։
«Մարդիկ մեծ կապվածություն ունեն վանքի հետ, սակայն այցելելիս երբեմն դժվարությունների են բախվում։ Ճանապարհը եւս լավ վիճակում չէ։ Մեր սրբությունն է Աղջոցը՝ եւ հոգեւոր, եւ մշակութային իմաստով։ Այն պետք է ուշադրության կենտրոնում լինի»,- նշեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։

























Լեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բե...
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային ար...
Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը
Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վեր...
8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն
Խփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն Հարությունյան
Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել
Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փա...